Логотип

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՅՔԱՅԵԼ ԵՆ ԲԱՆԱԿԸ, ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ, ՀԱԿԱԴՐԵԼ ԵՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչ պետք է անի երկրի առաջնորդը, եթե ինքը շարժվում է երկրի և ժողովրդի շահերով. Առաջինը, պետք է ամրապնդի երկրի պետականությունը, դա առաջին հերթին անվտանգությունն է՝ բանակը և ռազմաքաղաքական դաշնակիցները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«ԵՐԿՐՈՐԴԸ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ Է, որը պետականության հենասյուներից մեկն է։ Կան շատ երկրներ, որտեղ բավական պրոբլեմային է ազգային ինքնություն հաստատելը, քանի որ այնտեղ տարբեր էթնոսներ են։ Հայաստանը այդ խնդիրը չունի։ ՀՀ–ում հնարավոր է ունենալ այնպիսի ինքնուոյթւն, որը հնարավոր չէ որևէ ձևով ջարդել;

Երրորդը տնտեսությունն է, որը պետք է լինի ներառական, և դրա հիմքում պետք է լինի բարենպաստ ներդրումային միջավայրը։ ԱՄՆ–ի պես երկրի նախագահ Թրամփը բոլոր հանդիպումների ժամանակ խոսում է ԱՄՆ–ում ներդրումների մասին։ Եվրոպացիներին ճնշելով ստիպեց, որ հսկայական գումարների խոստում տան, մոտ 600-700 միլիարդ դոլարի չափ։ Նույնիսկ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ խոսելիսց մոտ մեկ տրիլիոն դոլարի ներդրումային խոստում ստացավ Միացյալ Նահանգներում։ Պատկերացրեք ինչ պետք է անի Հայաստանը այդպիսի միջավայր ձևավորելու համար։

Հաջորդ կարևոր բաղադրիչը դա ներքին կայունությունն է, որը ուղղակի հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել հանրության այսպես էներգիան, հանրության հնարավորությունները, ներուժը պետական նպատակների հասնելու համար»,–ասաց նա։

Քոչարյանը հարց ուղղեց. «Իսկ ի՞նչ է արվում այսօր Հայաստանում այդ կարևոր բաղադրիչների վերաբերյալ: Անվտանգությունը ուղղակի քայքայում են, քայքայում են բանակը արդեն ենթադրաբար քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցությունը։ Երկրորդ, Թե ի՞նչ է արվում ազգային ինքնության հետ, դուք տեսնում եք, հարձակվել են այդ ինքնության երեք ամենից կարևոր բաղադրիչների վրա՝ եկեղեցի պատմություն և սիմվոլներ։

Տնտեսական զարգացումը. երևի Հայաստանը առաջին երկիր է, երբ տնտեսությունը զարգանում է, բայց աղքատությունը չի իջնում։ Ուրեմն ներառական չի, ներդրումային միջավայրը ուղղակի քայքայվել է։ Ինչ է արվում բաշխիչ ցանցերի հետ, ինչ է արվել Քաջարանի հետ, պետական ռեկետը համատարած է, հատկապես խոշոր, մեծ բիզնեսների նկատմամբ։ Սա այ այն իրավիճակն է, որը ունենք։

Հաջորդ կարևորագույն բաղադրիչը դա ներքին կայունությունն է, վստահությունն է կառավարության և ընդհանրապես ժողովրդի միջև, վստահության մակարդակի բարձրացումը։ Ի՞նչ է արվում Հայաստանում. Քայքայվում է՝ հակադրելով բոլորին բոլորի դեմ։ Նույնիսկ եկեղեցում ենթադրյալ կուսակրոնությունը խախտած սրբազաններին հակադրում են նույն ձևով ենթադրյալ կուսակրությունը խախտած սրբազաններին։ Նույնիսկ այդ միկրո այսպես հակադրության մեջ է մտել այսօր գործող վարչապետը։ Դա խայտառակություն է։

Բայց հարցը հետևյալն է, ինչի համար է այս ամենը արվում, ի՞նչի է մոտիվացիա։ Արվում է ճիշտ հակառակը նրան, ինչը հմուտ պետության առաջնորդը պետք է անի»,– ընդգծեց նա։

Կամ վարչապետը գործակալ է, կամ տգետ ու մեծամիտ, կամ միտումնավոր է անում

Ես մտածել եմ, թե ինչու է երկրի ղեկավարը քայքայում պետականության հիմքերը և միայն երեք տարբերակ է ի հայտ գալիս, –  նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

«ԱՌԱՋԻՆԸ, ԵԹԵ ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԳՈՐԾԱԿԱԼ Է, երկրորդ տարբերակը՝ եթե երկրի առաջնորդը տգետ է և մեծամիտ և երրորդ տարբերակը՝ անում է մտածված և միտումնավոր։ Ուրեմն պետք է փնտրենք շարժառիթներ, թե ինչի համար է սա արվում։

Հիմա հերթով. գործակալ լինելը ամբողջությամբ բացատրում է, թե ինչի համար է սա արվում, բայց ես փաստեր չունեմ և ունեմ մեկ բանաձև, որ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որոնք այսօր արվում են։ Բայց ես փաստեր չունեմ, սա իհարկե ենթադրություն է։ Թեկուզ վերջերս հենց Փաշինյանի կողմից նշանակված նախարարը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի և շուտով կհրապարակի։ Պաշտպանության նախարար աշխատած անձնավորությունը։

Երկրորդը, այնպես է ստացվել, օրինակ, երկրի առաջնորդը տգետ է և մեծամիտ։ Այս հանգամանքը բացատրում են այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը արել է 2018–ից մինչև 2020 թվականի պատերազմում պարտություն։ Դա բացատրվում է տգիտությամբ և մեծամտությամբ, բայց չի բացատրում այն, ինչ կատարվեց դրանից հետո։

Եվ երրորդ տարբերակը՝ արվում է միտումնավոր և պլանավորված։ Լինում են դեպքեր, երբ երկրի առաջնորդի անձնական շահերը չեն համընկնում կամ հակադրվում են երկրի իրական շահերին։ Պատմությունը գիտի նման դեպքեր։ Հիմա փորձենք հասկանալ, միգուցե հենց այս դեպքն է այսօր Հայաստանի Հանրապետությունում։

Ես բերեմ մի քանի օրինակ, որոնք ակնհայտ ցույց են տալիս, որ երկրի առաջնորդը պատրաստ է ի հակադրվելով երկրի շահերին առաջ մղել իր անձնական շահերը։ Առաջինը, 44 օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 18–ին առաջարկ եղավ կանգնեցնել պատերազմը, որը մերժվեց վարչապետի կողմից։ Երկրի շահերից էր բխում անկասկած օր առաջ կանգնեցնել այդ պատերազմը։ Պատերազմը չի կանգնեցրել մեկ պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ դեպքը անմիջապես պարտվելուց հետո երկրի շահերից էր բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, հնարավորություն տա մաքրվել այս պարտությունից և նոր առաջնորդը փորձի վերանորոգել այն պրոբլեմները, որոնք ծանրացել են երկրի վրա պարտության հետ կապված։

Չի արել, արդյունքում հանձնվեց Գորիս–Կապան ճանապարհը, Շուրնուխի կեսը և այլն։ Այս շարքը ես կարող եմ շարունակել, օրինակ երբ ճանաչվեց Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա, իհարկե, չէր բխում Հայաստանի շահերից»,– ընդգծեց Քոչարյանը։

Փաշինյանը թոկ է ՀՀ-ի վզին, որից պետք է ազատվել, նա պատերազմի վտանգով սարսափի մեջ է պահում մարդկանց

Ինչո՞ւ սկսեց Նիկոլ Փաշինյանը բանակցել Ալիևի հետ առանց միջնորդների, մինչդեռ թույլ և պարտվող կողմը առաջին շահագրգիռ կողմն է, որ լինեն հզոր միջնորդներ, որոնք կերաշխավորեն բանակցային գործընթացը և այդ գործընթացի արդյունքները, – նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ԱՅՍ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չփորձեց բանակցել խաղաղության հաստատման և ամրապնդման, միջազգային երաշխիքների խնդրի շուրջ։ Նույնիսկ փորձ չի արվել, ես համոզված եմ, որ փորձի պարագայում հնարավոր էր դրան հասնել։

Այս բոլոր կետերին միավորում է մեկ բան. Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական վտանգի առջև պետք է լինի նոր պատերազմ սկսելու, և դա իրեն ձեռ է տալիս մեկ պատճառով, որ խաղաղությունը ուղիղ կապվի իր անձի հետ, իր անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իրեն ուղղակի պետք էր օդի ջրի պես, որ ժողովուրդը այնպիսի սարսափ և վախ ունենա և անդադար լինի այդ սարսափը և վախը, որ քվեարկությունների ժամանակ ասեն՝ սա իսկապես պատուհաս է երկրի համար, բայց լավ է սա լինի, քան պատերազմը։ Սա դասական այն օրինակն է, երբ երկրի և ժողովրդի շահերը ուղղակի հակասության մեջ են երկրի առաջնորդի անձնական շահերի հետ։

Իր նպատակը իշխանություն պահելն է, որը պայմանավորված է նրնով, թե ինչ չափի սարսափ պետք է լինի մեր ընտրողների մոտ, որ կիրառվի այդ բանաձևը՝ «լավ է այս ազգակործան պատուհասը լինի, քան լինի նոր պատերազմ»։

Հետևաբար օգտագործեմ ոչ իմ տերմինները. Այսօր Նիկոլ Փաշինյանը թոկ է Հայաստանի Հանրապետության վզին և այդ թոկից պետք է ազատվել»,– հայտարարեց երկրորդ նախագահը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանի ամբողջ հույսը միամիտ քաղաքացին է, որը այսպիսի վերլուծություններ չանելով, հերթական անգամ մտածի, թե երկու չարիքից որի հետևից է ինքը գնում. «Մեր առաջարկը և մեր մոտեցումը հետևյալն է՝ պետական շահերը առաջին տեղում և երբեք որևէ առաջնորդ չպետք է իր շահերը որևէ կերպ գերադասի ժողովրդի և պետականության շահերին։ Այլ կերպ ուղղակի չի կարող լինել, այլ կերպ նշանակում է մեկ բան, մենք կործանում ենք մեր հայրենիքը»,– հայտարարեց Քոչարյանը։

Փաշինյանը ժողովրդին մոբիլիզացնելու ռեսուրս չունի, դրա համար էլ կոմպրոմատներով է աշխատում եկեղեցու դեմ

Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, դա չի նշանակում, որ ձայն չունի, լատենտային, ձայներ ունի, ինչ–որ մի տոկոս մարդիկ կգնան, կքվեարկեն իր օգտին, բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ Վեհարան գրոհել, չունի այդ հնարավորությունը, –  նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

«ԵԹԵ ՈՒՆԵՆԱՐ, ԱՊԱ ԱՅՍ ԿԳԲ-Ի ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՉԷՐ ՍԿՍԻ ԱՇԽԱՏԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ հետ։ Այդ համարձակությունը չունեցավ՝ հասկանալով, որ սա ավելի պրոբլեմային է և փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին հենց ԿԳԲ-ն՝ կոմպրոմատներով, մարդկանց գտնելով, որոնց կարելի է այսպես պատին դեմ տալ և ասել՝ սա դու պիտի անես։

Վերջին զարգացումների մեջ փորձենք նաև լավ բան տեսնել։ Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, որ ինքը անկեղծ հավատացյալ է, պայքարում է Հայ առաքյալական եկեղեցու մաքրության համար, և ինքը դա անում է որպես պարզ քաղաքացի, հավատացյալ։ Հիմա եթե դու դա անում ես այն մարդկանց միջոցով, որոնք նաև եկեղեցական շրջանակներում ամենից վարկաբեկվածն են, դա՞ է քո պայքարի ձևը եկեղեցու մաքրության համար։ Այդ տեսանկյունից, այն պատկերը, ինչոր մենք տեսանք, ինքը քանդեց այն բացատրությունը, որով ինքը փորձում էր ներկայացնել իր շարժառիթները։ Ինքը ցույց տվեց, որ դա ոչ թե պայքար է կոնկրետ մարդկանց դեմ, սա պայքար է Հայ առաքելական եկեղեցու դեմ»,–ասաց նա։

Քոչարյանը նկատեց, որ ինքը որևէ ռացիոնալ բացատրություն չունի, թե ինչու է վարչապետը այս քայլերն անում. «Ավելի ճիշտ այսպես բզիկի պես մի բան է, մարդու գլուխն է մտել, տարբերակներից մեկը սա է։ Բայց կա նաև մեկ ուրիշ տարբերակ, մեր եկեղեցին ազգային եկեղեցի է և մեր ազգային ինքնության մեջ եկեղեցին հատուկ տեղ ունի։ Հիմա ինչի՞ համար է քանդվում մեր ազգային ինքնության կարևորագույն գործոնը, միգուցե հենց նրա համար է արվում, որ խոստում ունի 300 000 ադրբեջանցիների հետ բերելը և հետ բերել մի միջավայր, որտեղ նաև մեր եկեղեցին, որը մեր ինքնության հենասյուններից մեկը, միգուցե սա պետք է քայքայված լինի։ Միգուցե սա այն բացատրությունն է, որով կարելի է որոշակի ողջամտություն գտնել այն քայլերի մեջ, որը ինքը անում է այսօր։ Որովհետև էլեկտորալ տեսանկյունից հաստատ դա իրեն ոչինչ չի տալիս։ Կա նաև սենց խառնվածք մարդու, ամեն ինչ պետք է սենց խառնի, ինքը չի կարող հանգիստ նստել»,– ընդգծեց երկրորդ նախագահը։

News.am-ի նյութերով