Հանրային մեղադրողները մոռանում են, որ այս գործն ի սկզբանե քաղաքական հետապնդում է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանի և մյուսների գործով պաշտպաններից Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով հանրային մեղադրողի այսօրվա միջնորդությանը։
Դատախազներն այսօր մասնավորապես դատավորին միջնորդեցին՝ մեղադրյալների, նրանց պաշտպանների կողմից վրավորանքներ հնչեցնելու, քրեական գործի հետ կապ չունեցող հանգամանքների մասին խոսելու դեպքում ընդհատել նրանց, ընդհուպ սանկցիա կիրառել։ Սա առաջացրեց մեղադրյալների, պաշտպանների զայրույթն ու քննադատությունը։
«Այս գործով ի սկզբանե պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ շինծու տեղեկատվություն են ներկայացրել հանրությանը՝ փորձելով տպավորություն ստեղծել։ Մեզ՝ փաստաբաններիս, ինչ–որ առումով հաջողվեց անհավասար պայմաններում, իրենք Հանրային հեռուստաընկերությունից են օգտվում, իսկ մեր առջև այդ դռները փակ են… Մեզ հաջողվեց հանրությանը ցույց տալ, որ այս գործը ի սկզբանե շինծու է եղել, այս ընթացքը ֆարս է, սա քաղաքական հետապնդման ցայտուն օրինակ է։ Բագրատ Սրբազանն այսօր անազատության մեջ է գտնվում, որովհետև պետք է տեղի ունենար եկեղեցու դեմ այս արշավը, իսկ Բագրատ Սրբազանն իր հեղինակությամբ, անձով միանշանակ կանխող էր լինելու, նրան հաջողվելու էր որոշակի իրավիճակ փոխել։ Դրա համար է նա անազատության մեջ»,-ասաց Հարությունյանը։
Նա նաև հավելեց, որ նպատակը նաև երկրում վախի մթնոլորտ ձևավորելն է. «Երկրում մենք ունենք ընտրություններ, որ այդ ժամանակահատվածում այն վախի մթնոլորտը, որ այժմ փորձում են սերմանել, աշխատի օգուտ ներկայիս վարչախմբի»։
Պաշտպանն ընդգծեց, որ «գյուլելու» մասին հայտարարությունը կոնտեքստից կտրված խոսք է. «Հովհաննես Խոդոյանը նույնիսկ այնտեղ որոշակի նյութեր է պատրաստել, որով ցույց էր տալիս, թե ինչ է կատարվել, ոնց է կատարվել, կրկին անգամ չեմ ուզում անդրադառնալ, որովհետև բազմիցս ենք ներկայացրել։ Միայն կհիշեցնեմ այն, որ դա մարդկանց զրույց էր, և դա ապագայի հետ կապված էր այն առումով, որ եթե երկրում լինի ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխություն, օրենսդրական բարեփոխումներից հետո ինչպես կարելի է պայքարել օրենքի ուժով որոշակի իրավախախտների նկատմամբ։
Դա ընդամենը երկու մտերիմ անձանց զրույց էր որը կոնտեքստից կտրված հատվածը դրվել է քրեական գործում և որ էլ շահարկելով և պառլամենտում և հանրային հեռուստաընկերության փորձ արվեց ինչոր պիտակներ կպցնել և հանրության մոտ տպավորություն ստեղծել որ իբր գործ ունենք ահաբեկիչների հետ»։
News.am
