Логотип

ՌԴ ԱԳՆ-ում կրկին մեկնաբանել են Վարդան Ղուկասյանի գործը

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գյումրու՝ այս պահին կալանքի տակ գտնվող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քրեական հետապնդումը:

Քաղաքապետն ավելի վաղ դիմել է ՌԴ արտգործնախարարին, Զախարովան հաստատել է այդ տեղեկությունը։ Ինչպես հայտնի է, անցյալ տարի Ղուկասյանին ներկայացված, սակայն հետագայում հանված մեղադրանքներից մեկը կապված էր քաղաքապետի այն հայտարարությունների հետ, որ ինքը կողմնակից է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միության մեջ լինի՝ ՌԴ–ի և Բելառուսի Միութենական պետության օրինակով: Քաղաքապետին մեղադրել էին Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի մեջ:

Զախարովան հիշեցրել է, որ «քաղաքական» մեղադրանքը հանվել է, բայց միաժամանակ ընդգծել է, որ ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարությունների համար քրեական հետապնդումն ինքնին աբսուրդ է:

«Ռուսաստանը միշտ հայտարարել է և հավատարիմ է մնում այն մտքին, որ Հայաստանը լինի ինքնիշխան, անկախ և բարգավաճ պետություն։ Եվ դրա օգտին հանդես է գալիս ոչ միայն խոսքով»,– ասել է Զախարովան` հավելելով, որ դա երևում է քայլերից, որոնք կառուցվում են հենց այդ քաղաքական տրամաբանությունից ու կամքից ելնելով։

Բացի այդ, նրա խոսքով, Ղուկասյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ղեկավարության արձագանքը խիստ հակասում է նրան, թե ինչպես են Երևանում երբեմն նախըտրում չնկատել մի շարք արտահայտություններ, այդ թվում՝ եվրոպական երկրներից հնչող։

«…Մենք չենք տեսել իրավական գործընթացներ և առավել ևս ձերբակալություններ այն անձանց նկատմամբ, որոնք կոչ են անում առանց հետ նայելու գնալ դեպի Եվրամիություն։ Մինչդեռ ԵՄ անդամակցությունն իրոք կապված է ինքնիշխանության մի մասից հրաժարվելու հետ։ Նման մոտեցումը հենց Հայաստանի քրեական օրենսգրքի հոդվածներից մեկի տակ է ընկնում։ Ինչո՞ւ պատասխանատվության չենթարկել նրանց, ովքեր, Հայաստանին հրելով դեպի ԵՄ, բառացիորեն կոչ են անում հրաժարվել ինքնիշխանությունից՝ լիովին կամ մասնակի։ Թող նայեն, թե հիմա ինչ է կատարվում ԵՄ-ի ներսում»,- ընդգծել է Զախարովան։

ՀԻշեցնենք` Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2025 թվականի հոկտեմբերին։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառքի վերաբերյալ հոդվածով։ Ըստ պաշտպանական կողմի`մեղադրանքում առկա գրեթե բոլոր դրվագները վերաբերում են 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածին, երբ Ղուկասյանը քաղաքապետ չի եղել։ Դեկտեմբերի 17-ին դատարանը Ղուկասյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով։

Sputnik Արմենիա