Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է անհետ կորած համարվող զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի գործով դատախազ Վազգեն Ռուստամյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Պաշտպանական կողմը բացարկը ներկայացրել էր դեռ դեկտեմբերի 8-ին։
«Բացարկը ներկայացրել ենք կողմնակալ քննությունը վկայող ծանրակշիռ փաստերով։ Հարցը վերաբերում է առողջությանը։ Առարկել ենք գործի ավարտի դեմ, քանի որ ամբողջությամբ քննություն չի կատարվել։ Նույնիսկ դատարանի նշանակած դատաբժշկական փորձաքննության արդյունքներին չեն սպասում, ու կարծես դիտավորյալ է արվում` խոչընդոտում են ընթացքը։ Եթե եզրակացությունը լիներ, այդ հիմքով Ղուկասյանը կազատվեր։ Մենք հայտնել ենք, որ Ղուկասյանը չի հրաժարվում տուժող կողմի հետ առերեսումից, քանի որ ինքը չի եղել նախաձեռնողը ու ինքն էլ է հարվածներ ստացել»,- նշեց Սողոյանը։
Նա ընդգծեց, որ դատախազը գործը տանում է ի վնաս թե՛ Արսեն Ղուկասյանի մեղադրանքի, թե՛ առողջական վիճակի։
Փաստաբանի խոսքով` տեսանյութեր կան, որտեղ ամբողջ եղելությունը կա։ Դատարանում ներկայացվում են մոնտաժված տարբերակները, որտեղ երևում է, որ Արսեն Ղուկասյանը ձեռնափայտով է շարժվում, իսկ մեկ այլ կադրում էլ մյուս մեղադրյալ Ապիջան Սարգսյանն է՝ շիշ է շպտրում, բայց մինչ այդ պահն ինչ է կատարվում՝ չի ներկայացվում։ Ըստ Սողոյանի՝ հենց այդ նախորդող հատվածներում էլ կարելի է տեսնել նաև ռազմական ոստիկանների վարքագիծը։
«Այս հանգամանքը հաշվի առնելով, դատարանը հարցում է անելու իրավասու մարմիններին՝ տեսնելու արդյոք այդ ապացույցները կան, թե ոչ»,- ասաց փաստաբանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 3-ին` ժամը 10։30-ին։
