Հայ Հեղափոխական Դաշնակցությունը պետք է նախապատրաստվի իշխանության կողմից հալածանքների ծանր շրջանի։ Գուցե նույնիսկ ավելի դաժան, քան 1905 և 1908 թվականներին ցարական իշխանության, 1920-ականներին բոլշևիկյան հանցախմբի և 1990-ականների կեսերին ՀՀՇ-ական ռեժիմի կազմակերպած հալածանքները։
ԱՅԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՍԻՐԵԼ ԿԱՄ ՉՍԻՐԵԼ, նրա ավելի քան մեկդարյա քաղաքական գործունեությունը կարելի է համարել անթերի կամ քննադատել անցյալում թույլ տված ճակատագրական սխալների համար. դա էական չէ։ Բայց պետք է հստակ հասկանալ, որ նրա վրա հարձակումները պայմանավորված են միայն մեկ նպատակով. վերացնել ՀՅԴ-ն՝ որպես հայկական միջավայրում հայրենասիրական տրամադրությունները ինստիտուտայնացնող քաղաքական ուժ։
Ինչ-ինչ, բայց աշխարհասփյուռ հայության մի քանի սերունդների հայրենասիրական ոգու և մտածողության դաստիարակության գործում Դաշնակցության ավանդն ու վաստակը չես ժխտի: Հայաստանի ներկայիս իշխանություններին խանգարում է ոչ թե բուն կուսակցական կառույցը՝ Նալբանդյան փողոցում իր շտաբ-բնակարանով, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորներով ու մի քանի տասնյակ հազար ձայն ապահովող մշտական ընտրազանգվածով, այլ ՀՅԴ-ի գաղափարական հենքն ու նաև նրա քաղաքական բրենդը։
Գործող իշխանությունները դրսից իրենց հրահանգիչների խորհրդով, իսկ ավելի ճիշտ՝ պահանջով, արդեն վաղուց են ձեռնամուխ եղել դաշնակցականներին վարկաբեկելու գործողությանը՝ հայոց պատմության մեջ այդ ֆենոմենը արմատախիլ անելու վերջնական նպատակադրմամբ։ Ընդ որում դա ընթանում է Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ինքնության պահպանման ևս մեկ կարևորագույն ինստիտուտի և ազգը ցեմենտող գաղափարական հենքի դեմ ուղղված արշավին զուգահեռ։
Դժվար չէ կռահել, թե ով է վերահսկում այդ «նախագծերը»։ Եթե դրանց տեխնոլոգիական կատարումը լիովին համապատասխանում է վերջին հինգ դարերի ընթացքում աշխարհի գլխավոր խառնակիչների՝ բրիտանացիների ձեռագրին, ապա ոգեշնչողն ու հիմնական պատվիրատուն Թուրքիան է, իր բիճ զավակի՝ Ադրբեջանի հետ։ Պատվերի հետքը երևում է ծայրաստիճան հստակ, նույնիսկ առաջին հայացքից աննշմար մանրուքներում։
Օրինակ, իշխանության կողմից անհուսալիորեն զոմբիացված ընտրազանգվածն իր ժարգոնով անվանում է դաշնակցականներին «շներ», «շուն դաշնակներ», բնականաբար՝ հարց չտալով ինքն իրեն, թե որտեղից են գալիս այդ արտահայտության արմատները և ինչով են դաշնակցականներն արժանացել նման նսեմացուցիչ մականվան։ Մինչդեռ հենց թուրքերն ու անդրկովկասյան թաթարներն են (այսպես կոչված՝ «ադրբեջանցիները») միշտ այդպես անվանել ատելի դաշնակցականներին։
Իսլամական և թյուրքական ավանդույթներում «շուն» անվանելը ամենամեծ վիրավորանքներից մեկն է և հաճախ օգտագործվում է որպես մակդիր այն օբյեկտի անվան հետ, որի նկատմամբ ընդգծված ատելություն է արտահայտվում։ Իսկ հայկական ավանդույթի և լեզվամտածողության մեջ նման բան չի նկատվել։ Հարց. որտեղի՞ց է քոչել այդ «դարձվածքը» փաշինյանական բազմոցային երկրպագուների ժարգոն։ Ո՞ւմ ատելությունն են նրանք վերածնում ու վերարտադրում՝ չգիտակցելով ՀՅԴ-ի պատմական դերը և չիմանալով նրա անցած ուղին։ Պատասխանը պարզ է ցերեկվա լույսի պես:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՅԴ–Ն ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ԽՈՐՇԵԼԻԱՑՎՈՒՄ Է թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանությունների ջանքերով, որոնք մտավախություն ունեն, որ այդ ուժի ներուժը, որը շատ ավելի մասշտաբային է, քան պարզապես «կուսակցություն» հասկացությունը, կարող է կրկին «ճայթել» սեղմված զսպանակի պես և ի չիք դարձնել հայ գլոբալիստների ու թյուրքասերների ծրագրերը։ Դրա համար էլ սրանք ջանում են ոչ թե սեղմել այս զսպանակը մինչև վերջ, այլ ենթարկել էրոզիայի, ժանգոտման ու քայքայման:
Կասկածից վեր է, որ Դաշնակցության կառույցներին մոտ ապագայում իրավաքաղաքական հարված կհասցվի ինչպես Հայաստանում, այնպես էլ ընդարձակ Սփյուռքի շրջանակներում, քանզի Երևանում բազմած իշխանությունը համարում է, թե կուսակցության վարկաբեկումն արդեն թուլացրել է նրա իմունիտետը: Ընտրությունների նախաշեմին ՀՅԴ-ին ամենայն հավանականությամբ կհեռացնեն մրցավազքից, կարգելեն նրա քաղաքական գործունեությունը, իսկ առաջնորդներին կենթարկեն քաղաքական բռնաճնշումների։
Հնարավոր է, որ կուսակցության կառույցները արտասահմանում քանդելու պահանջով Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դիմի նաև արևմտյան երկրներին, որտեղ առավել ուժեղ են դաշնակցականների դիրքերը։ Պատահական չէ, որ արդեն այսօր կառավարության ներկայացուցիչները դրսում ինտենսիվ հանդիպումներ են անցկացնում հայկական կուսակցությունների հետ, որոնք ավանդաբար ընդդիմադիր են ՀՅԴ-ին։ Օրինակ՝ «հնչակյանների» ղեկավարության հետ, որոնք միանգամայն լոյալ ընդունեցին 2018-ի «թավշե հեղափոխությունը» և կարծես թե մինչ օրս չեն փոխել իրենց այդ դիրքորոշումը։ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն այժմ անհրաժեշտ է Փաշինյանին առավել քան երբևէ, քանի որ դաշնակցականներին և Հայ Առաքելական Եկեղեցուն հարվածելուց հետո Երևանին պետք կլինի ինստիտուտացված հաղորդակցություն հայկական Սփյուռքի հետ՝ նրա ներուժն իր նպատակներով և իրեն հարմար ձևաչափերով օգտագործելու համար։
Ներկայիս ուզուրպացիոն հայաստանյան իշխանություններն արդեն վա-բանկ են խաղում։ Եկեղեցու և ամենակազմակերպված համաշխարհային հայկական կուսակցության փաստացի ջախջախմանը չհասնելու դեպքում նրանց ձախողում է սպասում։ Այդ իմաստով նրանք կորցնելու ոչինչ չունեն և բարձրացնում են խաղադրույքները։ Այնպես որ Սուրբ Աթոռից անմիջապես հետո ծայրահեղ ծանր ժամանակներ են սպասում արդեն ՀՅԴ-ին։
