ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Պարսից և Օմանի ծոցերում իրանական նավահանգիստների շրջափակումն արդեն գործում է լիարժեք ձևով։
Ըստ նրա՝ իրանական նավահանգիստներն այժմ լիակատար շրջափակման մեջ են, քանի որ Մերձավոր Արևելքում ծովային տիրապետությունը շարունակում է մնալ ամերիկյան ուժերի ձեռքում։
«Շրջափակման սահմանման պահից 36 ժամից էլ քիչ ժամանակահատվածում ամերիկյան զորքերն ամբողջությամբ կանգնեցրել են Իրանի հետ և Իրանից իրականացվող ծովային տնտեսական առևտուրը», – նշել է ադմիրալը՝ հիշեցնելով, որ, գնահատականների համաձայն, այդ երկրի տնտեսության 90%-ն ապահովվում է միջազգային ծովային առևտրի միջոցով։
Ավելի վաղ The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով նավարկող վեց առևտրային նավերը ստիպված են եղել հետ դառնալ Օմանի ծոցում տեղակայված ամերիկյան նավերի գործողությունների պատճառով։
«Ամերիկյան շրջափակման հետևանքով Հորմուզի նեղուցից դուրս եկած վեց նավերը փոխել են ուղղությունն ու հետ դարձել։ Օմանի ծոցում և Արաբական ծովում տեղակայված ԱՄՆ ավելի քան տասը ռազմական նավերը գործում են «ցանցի» սկզբունքով»,- նշել է պարբերականը։
Պարբերականն ընդգծել է, որ «առևտրային նավերի մասնակցությամբ միջադեպերից և ոչ մեկը չի հանգեցրել իրավիճակի սրման»։
Ինչպես WP-ի հետ զրույցում անանուն մնալու պայմանով նշել են ամերիկացի երկու պաշտոնյաներ՝ շրջափակումն իրականացնելու համար ԱՄՆ ռազմածովային ուժերը չեն հերթապահում իրանական նավահանգիստների մոտ կամ անմիջապես Հորմուզի նեղուցում։ Պատճառն այն է, որ ռազմական գործողությունների մեկնարկից հետո իրանական ուժերն ականապատել են նեղուցը։
Ապրիլի 13-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ այդ նպատակով ներգրավված է 10 հազար ամերիկացի զինծառայող, Օմանի ծոցում և Արաբական ծովում տեղակայված ավելի քան տասը ռազմանավ, ինչպես նաև տարածաշրջանում առևտրային նավերին հետևելու համար նախատեսված կործանիչներ և անօդաչու սարքեր։
News.am
