Логотип

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՎԵՐԵԼ Է ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՀՈՎԱՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսով` նշելով, որ տաճարի ավերումը պատահական դրվագ չէ։

«Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ»․ սա հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի հետքերը։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերումը այդ ծրագրի հերթական, բայց ոչ պատահական դրվագն է։ Տաճարի ավերումը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ևս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը»,– գրել է նա։

Ավանեսով հիշեցրել է, որ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը հիմնադրվել է 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ, օծվել՝ 2019 թվականի ապրիլի 7-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, և կարճ ժամանակում դարձել Ստեփանակերտի հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից մեկը։

«Ճարտարապետ Գագիկ Երանոսյանի նախագծած եկեղեցին իր ծավալներով և կառուցվածքով ևս ընդգծում էր իր նշանակությունը՝ 35 մետր բարձրություն, զանգակատուն՝ 24 մետր, համալիր ներքին կառուցվածք։ Այսինքն՝ խոսքը ոչ թե մոռացված կամ երկրորդական օբյեկտի, այլ գիտակցված կերպով թիրախավորված սրբավայրի մասին է։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ավերումից առաջ ադրբեջանական սոցցանցերում բացահայտորեն տարածվում էին կոչեր՝ քանդելու եկեղեցին։ Սա նշանակում է, որ տեղի ունեցածը ոչ միայն կանխատեսելի էր, այլև հանրային հարթակում նախապատրաստված։ Երբ նման կոչերը մնում են անպատիժ և վերածվում են գործողության, դա արդեն վկայում է ոչ թե առանձին խմբերի, այլ համակարգի խնդիրի մասին, որտեղ ատելությունը դառնում է գործիք»,– շարունակել է Ավանեսովը։

«Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահի խոսքով` Ադրբեջանը նույն տրամաբանությունն է գործել նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու դեպքում, որի ոչնչացման մասին տեղեկությունները հրապարակվել էին օրեր առաջ։ Նա ընդգծել է, որ միջազգային հանրության լռությունը ադրբեջանական գործողությունները վերածելու են թույլատրված մշակութային ոչնչացման։

Sputnik Արմենիա