Логотип

Սամվել Կարապետյան․ Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների

Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների։ Այս մասին հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Մենք պետք է միասին ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը, բայց նախքան զարգացման պրոցեսները քննարկելը, ես ուզում եմ այսօր ֆիքսենք, ի՞նչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից:

Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք, Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից, արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ մեծացրած եռաբլուր, մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից։

Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն։ Մեր լավագույն հայրենակիցները այսօր գտնվում են Բաքվի բանտում, տնտեսության մասով ամբողջությամբ տապալված տնտեսություն, 21% աղքատություն, վարկերի տակ ճռացող հասարակություն, 15 միլիարդին մոտեցող պետական պարտք, սփյուռքի ներուժի ոչնչացում Հայաստանի տնտեսական դաշտում, իրավապահ մարմինների բռնությունների շնորհիվ ներքին ներդրողների բացարձակ անտարբերություն։

Իսկ ի՞նչ ենք անելու մենք ապահովելու համար սրընթաց զարգացում, առաջին հերթին 24 ժամյա աշխատանք, ունենալու ենք միասնական և ուժեղ հասարակություն, վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։ Արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում։ Եվ ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ»։

Այնուհետև կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է կուսակցության ծրագրերը. «Մենք երկու շաբաթվա ընթացքում առաջարկելու ենք Ազգային ժողովին օրենք, որով փոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից։ Դա ապահովելու է հինգ տարվա ընթացքում 50 000 նոր աշխատատեղեր։

Կուզեի նաև նշել, որ մենք 300 000 նոր աշխատատեղեր ենք ստեղծում մեր հայերի համար, բայց Փաշինյանի կառավարությունը արդեն բացել էր Հայաստանի դռները 300 000 ադրբեջանցիների համար։

Երկրորդը միջին բիզնեսի համար և նաև մեծ բիզնեսի համար մենք ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրը ամենամրցակցայինը լինի տարածաշրջանի բոլոր երկրների հետ համեմատած։ Օրինակ միջին բիզնեսի համար կստեղծվի Հայաստանում տեղայնացնելու, հայկական արտադրանքը զարգացնելու ծրագրեր, որ մեր երկիրը ներմուծմամբ չզբաղվի, այլ տեղում արտադրի։

Հայաստանը վերաարդյունաբերականացնելու համար մեզ պետք են մեծ օտարերկրյա ներդրումներ, որը մենք ապահովելու ենք շատ կարճ ժամանակում»։

Սամվել Կարապետյանն էլ հավելեց. «Առաջիկա մի քանի հանդիպումների ժամանակ մենք սկսելու ենք ներկայացնել մեր տնտեսության զարգացման նոր ծրագրերը, որը իմ կարծիքով հեղափոխական են լինելու Հայաստանի կյանքում»։

News.am