Մենք պաշտպանում ենք արցախահայերի վերադարձի իրավունքը։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված Լիպարիտ Դրմեյանը:
Նա պարզաբանել է, որ «Հայաքվե» միավորման հետ համագործակցության ընդհատումը կարող է պայմանավորված լինել նաև այս տարաձայնություններով։ Դրմեյանը հավելել է, որ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցը իրավական տիրույթում փակված է։ Ըստ նրա՝ միջազգային որևէ ատյանի որոշում չկա, որը թույլ կտար 90-ականների սկզբին կամ դրանից առաջ երկիրը լքած անձանց դիմել և վերադառնալ Հայաստան։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այս թեման փակված է։ «Սա մի փուչիկ է, որը փչում է Ադրբեջանի նախագահը և աջակցում են Հայաստանի իշխանությունները՝ արհեստականորեն նույն հարթության վրա դնելով այս հարցը և հայերի վերադարձի իրավունքը», – նշել է նա։
Լիպարիտ Դրմեյանը հիշեցրել է, որ արցախահայության վերադարձի իրավունքը հաստատված է միջազգային փաստաթղթերով։ Նա պարզաբանել է, որ «Միասնության թևեր» կուսակցության՝ իշխանության գալու դեպքում այս հարցն առաջնահերթություն կդառնա և ակտիվորեն առաջ կմղվի։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի օգտին ընդունվել է տասնյակից ավելի միջազգային փաստաթուղթ, որոնք իշխանությունները միտումնավոր չեն օգտագործում։
News.am
