Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել Աշխեն Ալեքսանյանին, որին պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացվել։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը` հղում անելով նրա պաշտպան Աբգար Պողոսյանին։
Փաստաբանը մարտի 28-ին ֆեյսբուքյան էջում գրեց, որ Աշխեն Ալեքսանյանը հանիրավի է հանրային պարսավանքի ենթարկվել, որովհետև նա պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է։ Հաջորդ օրը ԲԴԽ–ն պարզաբանեց` դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանին վերագրված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։
Աբգար Պողոսյանը թերթին հայտնել է, որ ազատազրկման դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։
«Երբևէ դժվար գտնենք այս հոդվածով նախկինում չդատված անձ, որ փաստացի ազատազրկման ենթարկված լինի։ Միջին ծանրության հանցանք է, սկսվում է տուգանքից։ Մենք թե՛ պատժի մասով, թե՛ մեղավորության մասով բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան, քանի որ իր արարքում հանցանք չկա»,– ասել է փաստաբանը։
Նա հավելել է` դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո իրենք իրավական գործընթաց են սկսելու՝ կապված կնոջը պախարակելու, «պետական դավաճանի» պիտակ կպցնելու, հանիրավի մեղադրանքի հետ։
«Ներպետական ատյաններից դուրս էլ գնալու ենք, քանի որ անձի ճակատագրին է վերաբերում»,– ասել է Պողոսյանը։
Ըստ փաստաբանի՝ Աշխեն Ալեքսանյանը Վիեննայում նոր-նոր է նշանակված եղել հյուպատոս, սակայն չի հասցրել ստանձնել պաշտոնը, ՀՀ քննչական կոմիտեն նրան կանչել է հարցաքննության, իր ոտքով գնացել է և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել նախաքննական մարմնին՝ օժանդակելով քննությանը։
Հիշեցնենք` 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Աշխեն Առաքելյանը կալանավորվել է։ ԶԼՄ–ները հայտնեցին, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և կարևոր տեղեկություններ է փոխանցել նրան։
Sputnik Արմենիա
