Логотип

Օկամպո․ Ի՞նչ են անում եվրոպացի առաջնորդները ցեղասպանությունը կանխելու և հայ գերիներին ազատ արձակելու համար

Պետք է հարց բարձրացնել՝ ի՞նչ են անում եվրոպական առաջնորդները ցեղասպանությունը կանխելու և հայ գերիներին ազատ արձակելու համար։ Այս մասին ասված է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ուղերձում, որն ուղղված էր «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915-ից մինչև Արցախի էթնիկ զտումներ» քննարկման մասնակիցներին:

Նա զուգահեռներ է անցկացրել 1915-ի, 2023-ի և այսօրվա իրադարձությունների միջև՝ մատնանշելով գործողությունների նույն ձեռագիրը՝ առաջնորդների ձերբակալություն, բնակչության տեղահանություն և զտում։ Տարբերությունն այն է, որ այսօր մենք կարող ենք պաշտպանել հայերին, և ահա թե ինչպես. ԵՄ առաջնորդները պետք է հանդիպեն Երևանում և քննարկեն մի նոր ռազմավարություն։ Ըստ Օկամպոյի՝ ներկայիս օրակարգում բացակայում են Բաքվում պահվող հայ գերիներին և արցախահայության վերադարձին վերաբերող կետերը։ «Մեր նպատակն է քննարկումների, լրատվամիջոցների ու հանրահավաքների միջոցով բարձրաձայնել այս հարցերը։ Անհրաժեշտ է առաջ քաշել մի քանի պահանջ. առաջինը վերաբերում է կանխարգելմանը, իսկ երկրորդը՝ պատժամիջոցներին, ինչն ավելի հեշտ լուծելի հարց է»,- նշել է Օկամպոն։

Ըստ նրա՝ ցեղասպանության կանխարգելումն ավելի բարդ խնդիր է, և հաճախ հնարավոր չէ զինված ուժեր կիրառել դա կանխելու համար։ «Ամենակարևորն այն է, որ պետությունները դիվանագիտական քայլեր ձեռնարկեն կանխարգելման ուղղությամբ։ Պետության նպատակը պետք է լինի ցեղասպանության իրագործման ռիսկերի վերհանումը»,- հիշեցրել է նա՝ հավելելով, որ 2023 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի ներկայացուցիչը խոսել էր ցեղասպանության վտանգների մասին։ Ավելի ուշ Եվրախորհուրդն ընդունել է մի փաստաթուղթ, որն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումներին։ Թեև դրանք չեն որակվել որպես ցեղասպանություն, սակայն, ըստ Օկամպոյի, չափազանց մոտ են եղել այդ սահմանմանը։

News.am