Այն ընդդիմադիր ուժի վարչապետի թեկնածուն, որը կստանա առավել շատ ձայներ, կստանա «Հայաստան» դաշինքի աջակցությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա հավելեց, որ նույն մոտեցումն են ակնկալում նաև մյուս ուժերից, եթե հաղթեն իրենք։
«Մենք մտադիր ենք ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ այն մեծամասնությունը, որի շնորհիվ կփոխվի իշխանությունը։ Սա վերաբերում է բոլոր այն ընդդիմադիր ուժերին, ովքեր մերժում են գործող կառավարությունը և ցանկանում են վերականգնել Հայաստանի անվտանգությունը և այլն», – ասաց նա։
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված է 213 մարդ, որից 70–ը` «Առաջ» կուսակցությունից, իսկ 143-ը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունից։ Պատգամավորը բացատրեց, որ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը առաջադրվել է «Առաջ» կուսակցության ցուցակով, բայց շարունակում է մնալ անկուսակցական։
Խոսելով իրենց դաշինքի հասցեին այլ ընդդիմադիր ուժերի քննադատությունների մասին` Մինասյանը նշեց, որ իրենք հարգում են քննադատությունը, բայց ձգտում են բաց պահել իշխանափոխության համար համագործակցության դուռը:
«Մենք գնում ենք ընտրությունների՝ մեծ թվով ձայներ ստանալու ակնկալիքով ու համոզումով, եթե չի հաջողվում, ապա ընդդիմադիր դաշտի հետ կգնանք այնպիսի լայն համագործակցության, որը թույլ կտա իշխանությանը զրկել վերարտադրվելու հնարավորությունից»,-հավելեց նա։
Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև որևէ համաձայնություն չկա, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լինելու է վարչապետի համատեղ թեկնածու։
Sputnik Արմենիա
