Ապրիլի 24–ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու, և Մեծ Եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում։
«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան Կայսրությունում։ Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի»,– ասված է Փաշինյանի հայտարարության մեջ։
Նրա խոսքով` չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։
«Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19–րդ դարի կեսերից և իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին»,– ասել է ՀՀ վարչապետը։
Ըստ նրա` մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ մենք ունենք պետություն և մենք ունենք խաղաղություն. պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։
«Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների և արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետև աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, և Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան»,– ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ զոհերի և զոհողությունների գնով մենք վերգտել ենք մեր հայրենիքը, և այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատևությունն է։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
