Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար, հարգարժան Ջերի Փիլյը միացել է աշխարհի հայերին, և հատկապես Հայ Առաքելական եկեղեցուն, հանդիսավոր հիշատակի և աղոթքի համար։
«Մենք սգում ենք կորցրած կյանքերի, ոչնչացված համայնքների և սերունդների շարունակվող ցավի համար»,- հայտարարել է Փիլեյը։ «Սա ոչ միայն հիշատակի ակտ է, այլև կոչ խղճի առաջ, որը հիշեցնում է համաշխարհային հանրությանը մարդկային արժանապատվությունը, ճշմարտությունը և արդարությունը պաշտպանելու անհապաղ պատասխանատվության մասին»։
Փիլեյը նաև խոր մտահոգություն է հայտնել 2023թ․ Արցախից հայերի հարկադիր տեղահանման և տառապանքների առիթով, որոնք հանգեցրել են ողջ բնակչության զանգվածային արտագաղթին իրենց պատմական հայրենիքից։
«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխություն է հայտնում բոլոր տուժածներին՝ աղոթք բարձրացնելով բուժման, պաշտպանության և իրավունքների ու արժանապատվության վերականգնման համար»,- ասել է նա։ «Միևնույն ժամանակ, մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և խաղաղության ուղղությամբ շարունակվող ջանքերը»։
Փիլեյն ընդգծել է, որ արդար և երկարատև խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի լիակատար հարգման վրա, ներառյալ տեղահանված անձանց անվտանգ և արժանապատիվ տուն վերադառնալու իրավունքը, կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը և մարդու հիմնարար իրավունքների պահպանումը։
«Մենք նաև կոչ ենք անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր բանտարկյալներին»,- նշել է նա։ «Խաղաղությունը պետք է կառուցվի արդարության, ճշմարտության և հաշվետվողականության վրա, որպեսզի այն կայուն լինի»։
«Մենք աղոթում ենք հաշտեցման, ճշմարտության հաղթանակի և այնպիսի ապագայի համար, որտեղ նման ողբերգությունները երբեք չեն կրկնվի»,- եզրափակել է նա։
News.am
