Логотип

Աննա Հակոբյանի դեմ վարույթ կա՞. հարց՝ Հակակոռուպցիոնի ղեկավարին

Մենք գործեր ունենք, որոնք երբ իրացվում են, այդ ժամանակ հրապարակվում են. Ձեր նշած դեպքում մենք քրեական վարույթ չունենք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նախապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Աննա Հակոբյանի հետ կապված հարուցված քրեական վարույթ կա՝ հաշվի առնելով, որ երեկ «Անկախ դիտորդ» դաշինքը «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության հետ կապված խախտումներ էր արձանագրել և դիմել վարչական դատարան։

Հարցին՝ ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացներում բարեգործության արգելքի խախտման կամ ընտրակաշառքի փաստերով ինչ քրեական գործեր կան, նա կրկնեց իր պատասխանը. «Երբ ունենում ենք վարույթներ։ Եթե առաջիկայում ունենանք, նորից կհրապարակենք»։

Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:

«Դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։

Դաշինքը համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն ենք ուսումնասիրում, որ, միգուցե, դիմենք ԿԿՀ»,-իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։