Հատիսի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման համար կամավորագրում է հայտարարվել․ յուրաքանչյուր ցանկացող կարող է գալ, մասնակցել աշխատանքներին ու իր ներդրումն ունենալ արձանի կառուցման աշխատանքներում։ Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և կայքի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, արձանի ստեղծման գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, որ շատերն են նամակներ գրել, զանգահարել, դիմել՝ արձանի կառուցմանը որևէ կերպ մասնակցելու ցանկություն հայտնելով։
Հիսուս Քրիստոսի արձանն արդեն պատրաստ է, 4 կտորից է բաղկացած։ Բուն քանդակը 33 մետր է, իսկ պատվանդանի հետ միասին լինելու է 101 մետր՝ այդպիսով դառնալով Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենաբարձր արձանը։
Իր ողջույնի խոսքում Ծառուկյանը խոսեց նաև արձանի ստեղծման նախապատմության մասին։
«Ես ասել եմ, որ մերը պետք է ամենալավը լինի, որովհետև մենք առաջին քրիստոնյա ազգն ենք»,- ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ արձանի տեղադրման վայրը որդու հետ են որոշել՝ Հատիսի բարձունք։
«Էդտեղից նայում ես, ամբողջ Երևանը երևում է, հոգի կա, շունչ կա, երբ բարձրանում ես էնտեղ։ Որ մի անգամ բարձրանաք, չի կարող պատահել, որ շաբաթը մեկ չուզեք բարձրանալ, տեսնել էդ գեղեցկությունը»,- ասաց Ծառուկյանը։
Նա նշեց, որ տարածքն էլ ընկերն է նվիրել՝ անվարձահատույց։ Ծառուկյանի խոսքով՝ Հատիսի շրջակա գյուղերում հողատարածքի արժեքը բազմապատկվել է։
«Եթե առաջ 500, 1000 դոլար էր, հիմա 30-50 հազար է։ Մարդիկ, որոնք հեռացել էին, հետ են եկել, կառուցում են, սարքում են, կյանք կա, մարդիկ սպասում են, որ լավ ա լինելու, տուրիզմ ա զարգանալու»,– հավելեց նա։
Ծառուկյանը նշեց՝ թեպետ գործի քննադատություններ էլ են եղել, բայց ինքը քննադատողներից չի վիրավորվում։ Նա վստահ է՝ ժամանակը ցույց կտա, թե ինչքան լավ բան է արվում։
«Սա պետք է լինի ազգային վերածննդի, ներքին համերաշխության խորհրդանիշ։ Պետք է խաղաղություն լինի, վերջ տանք իրար վրա ցեխ շպրտելուն, վիրավորելուն։ Կարաս՝ արա, մի՛ նստի, սպասի, մի՛ բամբասի, մի՛ վիրավորի, ամեն մեկն իր չափով է անում»,- ասաց Ծառուկյանը։
Թե երբ տեղի կունենա արձանի բացումը, դեռ հայտնի չէ։ Հիմա արդեն Հատիսի բարձունքում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Տեղեկատվական գրասենյակում գրանցված մարդիկ սեպտեմբերի 26-ից կկարողանան բարձրանալ, հետևել ու մասնակցել աշխատանքներին։
Sputnik Արմենիա