Логотип

ՍԻՄՈՆՅԱՆԻ ԲԱՔՈՒ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ. ԻՆՉՒ՞ ՀԱՄԱՐ Է ՆԻԿՈԼՆ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՆՁՆՈՒՄ ՎԱՐՁԿԱՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 19-21-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի այցը Բաքու՝ մասնակցելու ի փառս սեփական սիրելի անձի Ալիևի կազմակերպած «անվտանգության միջազգային համաժողովին», պատված է մնում առեղծվածի շղարշով: Գերատեսչությունն այդպես էլ չբարեհաճեց որևէ տեղեկատվություն տրամադրել հանրությանն այդ, մեղմ ասած, բավական արտառոց այցի մանրամասների մասին և, մասնավորապես, չպատասխանեց ամենակարևոր հարցին. ինչո՞ւ չնչին իսկ փորձ չարվեց հայ գերիների և պատանդների հետ հանդիպելու ուղղությամբ, չենք խոսում արդեն նրանց ազատ արձակելու մասին։

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, հենց Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի երկրորդ տարելիցի օրերին ահաբեկչական պետության մայրաքաղաք մեկնած Սիմոնյանի հասցեին հնչած սուր քննադատությունը ստիպեց իշխանություններին «արտահոսք» կազմակերպել ԶԼՄ-ների միջոցով: Արդյունքում «Հրապարակ» պարբերականում, «վստահելի աղբյուրների» վկայակոչումով, հայտնվեցին «այցի մանրամասները», ըստ որոնց՝ Սիմոնյանն, իբր, ադրբեջանական իշխանություններին է ներկայացրել 10 ռազմագերիների ցուցակ, որոնց «հայկական կողմը ցանկանում է վերադարձնել հայրենիք»:

Ի պատասխան, ըստ պարբերականի, Բաքուն պահանջել է ազատ արձակել Սիրիայի երկու քաղաքացիների, որոնք որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցել են 44-օրյա պատերազմին, բազմաթիվ սպանություններ գործել քաղաքացիական բնակչության շրջանում և 2021 թվականին Հայաստանում դատապարտվել ցմահ ազատազրկման:

«Վստահելի աղբյուրը» թերթին հայտնել է նաև, որ «Անդրանիկ Սիմոնյանը համաձայնություն է տվել Ադրբեջանի պահանջին»:

Ցուցակը, որն ԱԱԾ ղեկավարն իբր ներկայացրել է Բաքվում, բազմաթիվ հարցեր է ծնում, քանզի անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է այն կազմվել։ Թեպետ, տվյալ դեպքում դա չէ գլխավորը: Շատ ավելի կարևոր է, որ Սիմոնյանի հեղինակությունը (որից նա, անկեղծ ասած, իսպառ զուրկ է) փրկելու կոչված «մանրամասներից» մի մղոնի վրա պրիմիտիվ ստի հոտ է փչում։

Նախ, այդչափ լուրջ բաները պատրաստվում են իրադարձության կոնկրետ ժամկետներից շատ առաջ։ Այցը, անշուշտ, նախապես համաձայնեցված էր, և տրամաբանական է ենթադրել, որ եթե ՀՀ իշխանությունները մտադիր էին օգտագործել դա ռազմագերիների մի մասի ազատ արձակման համար, ապա այդ հարցը ևս պետք է նախապես հանգամանորեն մշակվեր երկու երկրների համապատասխան կառույցների կողմից: Մանավանդ որ խոսքը ՀՀ ԱԱԾ տնօրենի մասին է, որն էլ սովորաբար զբաղվում է նման գործերով։

Իսկ եթե հավատանք «արտահոսքին», ապա ստացվում է, որ իշխանությունները համաձայնություն են տվել Սիմոնյանի այցին՝ նույնիսկ պայմաններ չառաջադրելով կամ չառաջարկելով ազատ արձակել գոնե մի քանի գերիների՝ որպես բարի կամքի ժեստ։ Եվ որ նա արդեն տեղում ցուցակը հանձնել է Բաքվի իշխանություններին և այնտեղ էլ ստացել նրանց պահանջը՝ ի պատասխան ազատ արձակելու Հայաստանում բանտարկված սիրիացի վարձկան ահաբեկիչներին։ Եվ, եթե հավատանք աղբյուրին, համաձայնություն է տվել։

Մի տեսակ չափազանց անլուրջ է այն գերատեսչության համար, որը պարտավոր է շատ լուրջ, բծախնդիր և պատկառելի լինել իր գործողություններում։ Ասենք, փաշինյանական իշխանության պայմաններում դա ակնկալել անհնար է նույնիսկ ԱԱԾ-ի պարագայում։

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ, ՈՐԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՄԵԾԱԳՈՒՅՆ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼ ԹԵՐԹԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, Է՛Լ ԱՎԵԼԻ ԾԱՆՐԱԿՇԻՌ Է։ Բանն այն է, որ ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան եռանդագին հերքել և հերքում են վարձկանների օգտագործումը Արցախի դեմ պատերազմի ընթացքում: Չնայած անհերքելի ապացույցների առկայությանը, ի թիվս ամենի՝ նաև Հայաստանում պատիժ կրող այդ երկուսի տեսքով, չնայած աշխարհի խոշորագույն լրատվամիջոցներում տեղ գտած բազմաթիվ հոդվածներին, չնայած միջազգային փորձագիտական խմբերի հետաքննությանը:

Եվ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի միջոցով ծայրահեղական վարձկանների ներգրավման մասին հրապարակավ հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինը և ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն։ Այդ փաստը. հենց փաստը, այլ ոչ թե կասկածները կամ չստուգված տվյալները, հիշատակվում և դատապարտվում է Եվրախորհրդարանի 2021 թվականի միանգամից երկու բանաձևերում։ Վերջապես, վարձկանների օգտագործման հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը հաստատեց, որ Թուրքիայի կողմից Ղարաբաղում սիրիացի վարձկանների օգտագործման մասին հաղորդագրությունները լայն տարածում են գտել։

Ահա ուրեմն, չնայած բոլոր այդ բազմաթիվ ապացույցներին, և՛ Բաքուն, և՛ Անկարան կտրականապես ժխտում են ադրբեջանական զորքերում միջազգային ահաբեկչական ծայրահեղական խմբավորումների (այդ խմբավորումների անունները նշել է, օրինակ, նույն Նարիշկինը) գլխակեր (բառացի իմաստով) հրոսակների առկայությունը, ամեն ինչ վերագրելով «հայկական քարոզչությանը»։

Հիմա ստացվում է, թե Իլհամ Ալիևն ընդունում է, որ ինքն ու Էրդողանը հակամարտության գոտի են բերել և Արցախի դեմ պատերազմում օգտագործել սիրիացի վարձկանների։ Եվ թե նա այնքան է մտահոգված դրանց ճակատագրով, որ որոշել է վերադարձնել 10 հայ ռազմագերիների դիմաց։ Իհարկե, անհեթեթ է հնչում։

Բայց եթե հիշենք, թե ում հետ Ալիևը գործ ունի՝ հանձին Փաշինյանի, ապա կարելի է հնարավոր համարել «Հրապարակի» հրապարակած տեղեկատվությունը։ Դա անելու համար պարզապես պետք է փոքր-ինչ այլ տեսանկյունից նայել հարցին։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմում վարձկանների օգտագործումը վաղուց ապացույցներ չպահանջող փաստ է, որքան էլ ջանան Ալիևն ու Էրդողանը հերքել ակնհայտը։ Բաքվի բռնապետը գերազանց գիտակցում է, որ այդ փաստը մնում է խոշոր, արյունալի և իրեն սաստիկ հեղինակազրկող բիծ «փայլուն հաղթանակի» վրա։ Իսկ այն երկու մարդասպանները, որոնք նստած են հայկական բանտում, կենդանի հիշեցում են այդ խայտառակության մասին։

Հնարավոր է, որ Ալիևը որոշել է վերջապես մաքրել այդ բիծն իր վրայից՝ ստանալով իր երկու վարձկաններին և աչքից հեռու թաքցնելով նրանց։ Որից հետո՝ Նիկոլի օգնությամբ վերջնականապես կոծկել իր համար ցավոտ այդ հարցը։ Իսկ այն, որ Նիկոլը նրան կաջակցի, արդեն ապացույցներ ունի։

ՕՐԵՐՍ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ SPUTNIK ԱՐՄԵՆԻԱՅԻ ՀԱՐՑՄԱՆՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ Ադրբեջանի կողմից կռված վարձկանների վերաբերյալ իր ունեցած տվյալները։ «2020 թվականի 44-օրյա մարտական գործողություններին մասնակցած 300 վարձկանները նույնականացվել են, սակայն նշված տվյալները հրապարակման ենթակա չեն»,- հայտարարել են ՔԿ-ից:

Այն հարցը, թե ինչո՞ւ, կարծում ենք՝ հռետորական է։ Քանզի նորմալ հայամետ ղեկավարման պայմաններում այդ տվյալները՝ անուններով և այլ մանրամասներով, վաղուց պետք է ուղարկված լինեին միջազգային համապատասխան, այդ թվում՝ դատական ատյաններ, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների բազմաթիվ այլ ապացույցների հետ մեկտեղ։

Ի դեպ, 300 ահաբեկիչների նույնականացման մասին ուղիղ 3 տարի առաջ հայտարարեց Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ Նույն հարցազրույցում նա ասաց, որ քննությամբ հաստատվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից բազմաթիվ այլ հանցագործությունների փաստեր: Սակայն, նշում Է գործակալությունը, վերջերս կատարված հարցմանը, թե որ փուլում է այդ գործը, ՔԿ-ից ընդամենը հայտնել են, թե «հետաքննությունը շարունակվում է»:

Հընթացս նշենք, որ ՔԿ ներկայիս ղեկավարության խորապատկերին Քյարամյանն իսկական պրոֆեսիոնալ է թվում, որն ընդ որում գործում էր ի նպաստ հայկական շահերից։ Իսկ այսօրվա Քննչական կոմիտեի դիրքորոշումը վկայում է մեկ բանի մասին. իրավապահները իշխանությունների հրահանգով ամեն կերպ ձգտում են ոչ թե բացահայտել այն հանցագործությունները, որոնք գրեթե 5 տարվա ընթացքում արդեն պետք է հետաքննված լինեին և գործերը կամ դրանց առնվազն մի մասը ուղարկված լինեին դատարաններ, այլ հակառակը՝ թաղել և՛ քննությունը, և՛ բուն գործերը։ Այդ թվում՝ վարձկանների մասին, որոնք անթիվ ոճիրներ են գործել։

Բաքվի հանցավոր գործողությունների վերաբերյալ միջազգային հայցերը հետ կանչելու Նիկոլի մտադրության լույսի ներքո ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Եվ եթե փոխանակումը, որի մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթի աղբյուրը, այնուամենայնիվ կայանա, ապա անկասկած՝ մեկ գլխավոր նպատակով։ Եվ այդ նպատակն ամենևին էլ հայ գերիներին ազատ արձակելը չէ (թեև Նիկոլն անպայման կօգտագործի դա իր օգտին), այլ Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործությունները հետևողականորեն կոծկելը։

Տվյալ կոնկրետ դեպքում՝ տասնյակ ու հարյուրավոր հայ խաղաղ քաղաքացիների գազանաբար սպանած վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավումն ու օգտագործումը։