Логотип

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Նիկոլ Փաշինյանը տիպիկ օրինակն է, թե ինչպես է ժողովրդավարը վերածվում բռնակալի։ Կարելի է, հավանաբար, մատների վրա հաշվել ռեժիմին ընդդիմադիր այն ակտիվ գործիչներին, որոնց դեմ քրեական գործեր չեն հարուցվել…

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Վարդան Ղուկասյան, Սեյրան Օհանյան: Դաշնակցականների մի ամբողջ կոհորտա… Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ, որի հավատարիմ հետևորդ է ձևանում Փաշինյանը։ ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիր հայացքների տեր քաղաքապետներ. նույնիսկ ոչ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլ պարզապես իշխող կուսակցության քաղաքականությանն անհամամիտ մարդիկ: Բոլորը իրավական համակարգի նշանառության տակ են…Նիկոլ Փաշինյանի իրավական համակարգի նշանառության տակ։ Նրանք բոլորը, իբր, գողեր են, խաբեբաներ, տականքներ, դավադիրներ և այլն՝ ըստ իշխանական քարոզչության։ Տոտալ ճնշում ընդդիմության դեմ։

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՑ ՀԵՏՈ, ըստ որի հոգևորականը պետք է երկու տարի անցկացնի անազատության մեջ, Հայաստանի դատական համակարգի անկախության մասին խոսելը հիմարություն է: Հիշեցնենք. արքեպիսկոպոսին բանտարկեցին այն բանի համար, որ նա լրագրողներին անկեղծորեն պատմել էր նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի հետ իր խոսակցությունների որոշ մանրամասներ… «Արդարադատության» նման մոտեցումների դեպքում Նիկոլը և՛ լրագրող, և՛ ընդդիմադիր քաղաքական գործիչ եղած ժամանակ պետք է ընդհանրապես չլքեր բանտախուցը։ Մի օրով անգամ:

Զավեշտալի է, որ Փաշինյանն անձամբ մեկնաբանում է իրավիճակն այնպես, թե իբր՝ ինքը հեղափոխության էր ձգտում դատական համակարգում, բայց դա իրեն չհաջողվեց… Դե, ու քանի որ չհաջողվեց, Փաշինյանը որոշեց գործել հին ձևով: Եվ նույնիսկ ավելի ցինիկորեն:

Փաշինյանի թիմակիցների շարքերում տիրող կոռուպցիայի վրա աչք է փակվում, ինչի վերաբերյալ բազմիցս փաստեր է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությունը։ Դատարանները զբաղված են հիմնականում Փաշինյանի քաղաքական օրակարգի սպասարկմամբ, այն է՝ Հայաստանի քայլ առ քայլ ներկառուցմամբ թյուրքական աշխարհում, քանզի, ըստ նրա տրամաբանության, միայն նման մոտեցումը կարող է ապահովել անկախ հայկական պետության հավերժական գոյությունը, հանրապետության «ինքնիշխանությունը» փաշինյանական ընկալմամբ։ Համաձայն գլոբալիստների գաղափարախոսության, որին Փաշինյանը ենթարկել է յուր անձը։

Հիմա ահավասիկ Նիկոլը պարզել է, որ եվրոպական երկրներում երկու գլխավոր ոլորտները, որոնք ակտիվորեն օգտագործվում են պետությունների և կառավարությունների դեմ ապատեղեկատվություն տարածելու համար, ազգային գաղափարախոսությունն ու եկեղեցին են։ Ոչ մի զարմանալի բան՝ գլոբալիզմի տեսանկյունից։ Եվ ուրեմն… Փաշինյանի համար հետևությունը մեկն է. պետք է ավելի ակտիվ պայքարել ՀՅԴ-ի և ՀԱԵ-ի դեմ։

Նիկոլը վստահ է իր պատմական առաքելության, Հայաստանի համար դրա փրկարարության հարցում, ուստի պատրաստ է ոչ միայն սուրճ մատուցել, այլև, հարկ եղած դեպքում, ծաղիկներ դնել «շահիդների» հուշարձանին։ Իսկ այ ազգային գաղափարախոսությունը, ըստ Փաշինյանի, ոչ այլ ինչ է, քան նախկին ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից պարտադրված անցյալի մնացուկ…

Արժանին մատուցենք Փաշինյանին, դատական համակարգում նա ամենուր կանխավ դրել է իր մարդկանց, ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանի անդամներն ու Հայաստանի ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ Փաշինյանի դրածոն բարեխղճորեն լոբբինգավորում է Հայաստանի վարչապետի շահերը։ Եվ, իհարկե, Փաշինյանին շատ են պետք Արմեն Դանիելյանի նման դատավորներ, որոնք պատրաստ են ծառայել ցանկացած իշխանության։

Իսկ ինքը՝ Փաշինյանը, տքնաջան աշխատում է, զարգացնում դերասանական տաղանդը, ինչում նա մեծապես գերազանցում է իր ընդդիմախոսներին։ Աննա Հակոբյանի «նորաձև կրթության» ծրագրի շրջանակներում հանրային ալիքով հեռարձակվում են Փաշինյանի ելույթները. հիպնոսի սեանսներ վարչապետի կատարմամբ, որն իրեն նոր Կաշպիրովսկի է զգում: Թեև Կաշպիրովսկին Նիկոլի համեմատ մժղուկ է. եթե դիտեր Նիկոլի սեանսները՝ լաց կլիներ սև նախանձից։