Իրավապահները խուզարկել են Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանի հայրական տունը։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ խուզարկություններ են իրականացվում՝ 30-ից ավելի հասցեներում։
«Վերջին սպանություններով պայմանավորված Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել»,- նշեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։ Ընդ որում, Գրիգորյանի անշարժացած ընկնելուց հետո մոտեցել է և ինքնաձիգի կոթով նաև հարվածներ հասցրել Գրիգորյանին, ապա նորից հեռացել դեպքի վայրից։ Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։ Հատկանշական է, որ ի սկզբանե պրոիշխանական քարոզչամեքենան, այդ թվում՝ իրավապահ մարմիններն առաջ մղեցին իբրև վենդետայի վարկածը և ձերբակալեցին Նարեկ Օհանյանին, որն, ըստ իրավապահների, վրեժխնդիր է եղել ամիսներ առաջ եղբոր սպանության համար, ավելի ուշ, ձերբակալվեց Գևորգ Օհանյանը, որին իրավապահները մեղադրում են սպանությունը կատարելու մեջ։ Մենք տեղեկացրել էինք, որ 20-ամյա մեղադրյալը պրոֆեսիոնալ հրաձիգ չի եղել։
Ավելին՝ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Գևորգ Հարությունյանն անգամ բանակում չի ծառայել, հետևապես չէր կարող ծառայության ընթացքում զենքին տիրապետել սովորել։ Նրա հետ ամիսներ շարունակ աշխատանք է տարվել, կրակելու պարապունքներ անցկացվել, այսինքն՝ հատուկ վարժեցրել են Վալոդյա Գրիգորյանի սպանության համար։ Նրա թեկնածության ընտրությունն էլ, թերևս, պատահական չի եղել։ Մեզ հաջողվեց պարզել, որ տղայի ընտանիքը հանցավոր աշխարհի հետ չունի ոչ մի առնչություն, եղել է մոր խնամքին, որին էլ հավաքագրել են իրենց հանցավոր խմբի մեջ ու հենց նրա ձեռքերով իրականացրել կեղտոտ գործը։
Սպանության շահառուների շրջանակը շատ ավելի մեծ է, քան՝ պարզապես Հարությունյանը և Նարեկ Օհանյանը, որի եղբայրը սպանվել էր ամիսներ առաջ, սակայն հերթական անգամ փորձ է արվում ծածկադմփոց անել ու որոշ մարդկանց անունը մաքրել, հանել հանցավոր շղթայից։