Логотип

ՌԴ-ն «Սպայկա»-ի գործով իրավական օգնության միջնորդություն է ներկայացրել ՀՀ դատախազություն

Ռուսաստանի իրավապահները իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազություն՝ Հայաստանի գյուղմթերքի բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության քրեական գործով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազությունը մանրամասներ չներկայացրեց, թե ռուս գործընկերներն ինչ հիմքով են միջնորդություն ներկայացրել։

Նշենք, որ Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությունը սեպտեմբերի 10-ին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ իր շուրջ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունները շարունակվում են, և շուտով ընկերությունը պարզաբանում կներկայացնի։ Սակայն մինչ այս պահը դեռևս ընկերության կողմից որևէ պարզաբանում չի եղել։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, որ «Սպայկա» ընկերության արտահանման խնդիրները հայ-ռուսական հարաբերությունների հետ կապ չունեն։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները գրել էին, որ մոտ 150 բեռնատար արգելափակվել է Ռուսաստանում (ընկերությունն արտահանում է թարմ բանջարեղեն և միրգ)։ Ընկերությունից հայտնել էին, որ 30 բեռնատարի գյուղմթերք արդեն փչացել է, նախնական հաշվարկով՝ 2 միլիոն դոլարի վնաս են կրել։

Sputnik Արմենիա