Логотип

ՀԷՑ-ի 5 աշխատակցի ազատել են աշխատանքից

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 5 աշխատակցի ազատել են աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պերոսյանը։

Նա ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկ մարզային բնակավայրերից մեկը վթարային անջատման հետևանքով հոսանքազրկվել է ավելի քան 6 ժամով։ Ըստ Պետրոսյանի` վթարի փաստի վերաբերյալ ՀԷՑ համապատասխան մասնաճյուղի կարգավարական ծառայության հերթապահ կարգավարը (диспетчер) պատշաճ գրանցում չի կատարել գրանցամատյանում (անսալով մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի ակնհայտ ապօրինի ցուցումին) և սահմանված կարգով անմիջապես չի զեկուցել ՀԷՑ կենտրոնական կարգավարական ծառայությանը։

Վթարի փաստը միայն ժամեր անց է հայտնի դարձել ՀԷՑ բարձր ղեկավարությանն ու Կենտրոնական կարգավարական ծառայությանը, ինչի արդյունքում լրացուցիչ հսկողություն է սահմանվել վերականգնողական աշխատանքների նկատմամբ, և երկու ժամ անց արդեն էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

«Իրավիճակի մանրակրկիտ համադրման, ինչպես նաև տվյալ հերթափոխի աշխատակիցների և պատասխանատու պաշտոնյաների կողմից իրականացված գործողությունների և ձեռնարկված միջոցառումների համակողմանի վերլուծության արդյունքում ի հայտ եկած փաստերի հիման վրա աշխատանքից ազատվել են մասնաճյուղի տնօրենի տեղակալ – գլխավոր ճարտարագետը, մասնաճյուղի օպերատիվ կարգավարական ծառայության պետը, տվյալ ծառայության ավագ կարգավարը (հերթապահը), մասնաճուղի էլցանցերից մեկի պետը, տվյալ էլցանցի պետի տեղակալ-գլխավոր ճարտարագետը»,– գրել է Պետրոսյանը։

Sputnik Արմենիա