Логотип

ԱԱԾ․ Մաքսանենգ ճանապարհով Իրանից Հայաստան են ներկրել 26 կգ թմրամիջոց

Բացահայտվել է Իրանից մաքսանենգ ճանապարհով դեպի Հայաստան 26 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ն և Ս.Ս-ն նոյեմբերի 10-ին հայ-իրանական պետական սահմանի սահմանային գոտում, ԻԻՀ քաղաքացուց ստանալով թմրամիջոցի նշված խմբաքանակը, այն փորձել են տեղափոխել Երևան, սակայն ձերբակալվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից։

«Ա.Մ-ի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 26 կիլոգրամ թմրամիջոց` 4,690 կգ. «մեթամֆետամին» և 20,842 կգ «մարիխուանա»,– նշված է հաղորդագրությունում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (Առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների մաքսանենգությունը հանցախմբում) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում)։

Ա.Մ-ի և Ս.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց բնակության վայրերում, արդյունքում հայտնաբերվել են 2 ատրճանակ, փամփշտատուփեր, իրացման համար նախատեսված տարբեր չափաբաժինների «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակի թմրանյութեր, ինչպես նաև կեղծ թղթադրամներ, կասկածելի սրվակներ, էլեկտրոնային կշեռքներ և օգտագործված ներարկիչներ:

Sputnik Արմենիա