Логотип

ՍՈՒՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ. ԱՐՑԱԽԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՄՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ի՞նչ են վկայում ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ հրապարակված փաստաթղթերը

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը հրապարակեց փաստաթղթերի մի մասը, որոնց հիման վրա բանակցություններ էին ընթանում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Կառավարության կայքում տեղադրված է 13 ֆայլ՝ 2011 թվականին Կազանում քննարկված նախագիծը, 2019 թվականի միջնորդների առաջարկները, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 2016 թվականի օգոստոսի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և մի շարք այլ նյութեր։

Կառավարության կայքում հրապարակված առանցքային փաստաթղթերից մեկը 2019 թվականի ամռանը համանախագահների կողմից ներկայացված առաջարկն է։ Այդ առաջարկները ներառում էին հայկական կողմի համար բարենպաստ մի շարք դրույթներ. վերահսկողության պահպանում Քարվաճառի և Լաչինի նկատմամբ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացումը, Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի կարգավիճակի ամրագրում, Արցախի շուրջ Ադրբեջանին հանձնվող հինգ շրջաններում ադրբեջանական զինված ուժեր տեղակայելու արգելք։ Ռոբերտ Քոչարյանի օրոք Մադրիդյան սկզբունքներում ամրագրված՝ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման ոչնչով չսահմանափակված իրավունքը նույնպես արտացոլված էր 2019 թվականի փաստաթղթում: Դա ինքնորոշման իրավունքն էր՝ հանրաքվեի միջոցով, որի արդյունքները պետք է ճանաչվեին միջազգային հանրության կողմից։

Ինչ վերաբերում է «Արցախը Մեղրիի դիմաց փոխանակելու» պլանին, ապա նույնիսկ հրապարակված «փաստաթղթում» ասվում է՝ դա մի բան է, որը «Հայկական ժամանակ» թերթին է փոխանցվել Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի կողմից։ Նմանատիպ ձևակերպումներ կամ փաստաթղթեր, առավել ևս՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման սխեմայի վերջնական ձևակերպման տեսքով, երբեք չեն հանդիպել անգամ Պետդեպարտամենտի փաստաթղթերում։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի հրապարակած նյութերում բացակայում է 2001 թվականի ապրիլին Քի-Ուեսթում քննարկված փաստաթուղթը, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։ Համաձայն այդ պլանի՝ Լեռնային Ղարաբաղն անցնում էր Հայաստանի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը իրավունք էր ստանում Մեղրու հատվածով անցնող տրանսպորտային միջանցքից օգտվել։ Հետագայում Բաքուն մերժեց այդ տարբերակը։

Փաշինյանը չհրապարակեց նաև 2022 թվականի Պրահայի պայմանավորվածությունների բովանդակությունը, որոնցով նա,հանձնեց Արցախը Ադրբեջանին։ Չեն հրապարակվել նաև ՌԴ-ի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թվականի հոկտեմբերյան պաշտոնական առաջարկները, որոնք թույլ կտային պահպանել թե՛ Շուշին, թե՛ Հադրութը, և թե՛ հազարավոր կյանքեր, ինչպես նաև կձևավորեին այլ մեկնարկային դիրքեր 2020 թվականի պատերազմից հետո։ Ու ամենակարևորը՝ Փաշինյանը չհրապարակեց Երևանի պաշտոնական պատասխանը 2019 թվականի առաջարկին։

Հայաստանում, անգամ այսպես կոչված «ընդդիմության» շրջանում, կան մարդիկ, որոնք ասում են՝ «Նիկոլը ընտրություն չուներ, 2020 թվականի պատերազմն անխուսափելի էր»։ Նա ուներ ելք, և այն արտացոլված է 2019 թվականի փաստաթղթում։ Սակայն այդպիսի լուծումը թույլ չէր տա նրան «կտրել Հայաստանը ՌԴ-ից» և թույլ չէր տա նրան սկսել Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու ճանապարհը։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News