Логотип

ՀԷՑ մասնաճյուղի էլցանցի պետն ու այլ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

ՀԷՑ մասնաճյուղի էլեկտրական ցանցի պետն ու նույն մասնաճյուղի մի շարք այլ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն «Լուրեր»-ի պատրաստած ռեպորտաժում։

Ըստ կոմիտեի՝ 2006-2025թթ․ ՀԷՑ–ի մասնաճյուղերից մեկի էլեկտրական ցանցի պետը խմբի կազմում, իրեն վերահապահված լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ընկերությանը պատճառել է շուրջ 1,3 մլն ՀՀ դրամի վնաս, ինչպես նաև ապօրինի անգործության համար ստացել է կաշառք:

«Մասնավորապես, ՀԷՑ պաշտոնատար անձը, նույն մասնաճյուղի էլեկտրական ցանցի աշխատակիցների և քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, 2024 թվականին կազմակերպել է վերջինիս պատկանող շինության ապօրինի էլեկտրամատակարարման ապահովման գործընթացը, այն է՝ քաղաքացու կողմից ՌԴ-ից բերված այլապատկան հաշվառքային սարքը տեղադրել է նրան պատկանող շինության մոտ գտնվող հենասյան վրա, այն ապօրինի միացրել եռաֆազ հոսանքի լարմանը»,- հայտնում են կոմիտեից։

Կաշառքի դիմաց նաև համակարգչային բազայում չի մուտքագրվել տվյալ քաղաքացու էլեկտրաէներգիայի ծախսը և այլն։

ՀԷՑ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) 2-րդ մասի 3-րդ և 272-րդ հոդվածի (մասնավոր ոլորտում կաշառք ստանալը) 2-րդ մասի 3-րդ կետերով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրա տեղակալին, ՀԷՑ ևս 2 պաշտոնյայի ու կաշառք տված քաղաքացուն:

Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Sputnik Արմենիա