Логотип

ԶՎԱՐԹ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՃ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը ինչ-որ հրաշքով կտրուկ ձեռք բերեց աներևակայելի վառ, կենսահաստատ գույներ: Եթե ուշադիր զննենք վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումը՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2026 թվականի հունվար-փետրվարին» թեմայով, ապա հեշտ է նկատել մի զարմանալի առանձնահատկություն. համատարած աճ է արձանագրվում երկրի կյանքում առանցքային դեր կատարող գործնականում բոլոր բնութագրիչներով…

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՐԵԽԱՆԵՐ ԾՆՎԵԼ,ԻՍԿ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԹՎՈՎ ՄԱՐԴԻԿ՝ ՄԱՀԱՆԱԼ: Եթե նախորդ տարվա փետրվար-հունվար ամիսներին նորածինների թիվը կազմել է 4 883, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով 4 912-ի: Իսկ մահացածների թիվը անցած տարի եղել է 4 997, մինչդեռ այս տարի գրանցվել է 4 460 մահ։ Բավականին շոշափելի առաջընթաց է ժողովրդագրության ոլորտում։ Դրան գումարենք նաև այն, որ ամուսնացողների թիվը աճել է, իսկ ամուսնալուծվողներինը՝ նվազել։ Պարզապես սքանչելի իրավիճակ է:

Դրական բան կա նաև արտագաղթի առումով։ Այսպես, նշված ժամանակահատվածում երկիր եկած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան հեռացածներինը։ Ժամանածները 22 հազարով ավելի շատ են, քան մեկնածները։ Եվ այստեղ աճը զգալի է։

Բայց այսքանով կանգ չենք առնի. շարունակենք թվարկել անսպասելիորեն ծանրակշիռ աճի օրինակները: Ահավասիկ փոփոխություններ են տեղի ունեցել աշխատաշուկայում։ Մասնավորապես, միջին աշխատավարձն աճել է 5,4%-ով, իսկ գործազրկությունը՝ նվազել։

Տնտեսական հատվածում աճի ցուցանիշները բնավ պակաս չեն։ Այսպես, արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալն աճել է 17,2%-ով։ Արտաքին առևտրաշրջանառությունը՝ 9,4%-ով։ Արտահանումն աճել է 12,6%-ով, իսկ ներկրումը՝ 7,3%-ով: Ծառայությունների ոլորտն աճել է 7,2%-ով։ Ներքին առևտրի շրջանառությունը՝ 3,3%-ով։ Շինարարության ծավալն ավելացել է 20,5%-ով…

Ահա այսպես նայում ես ու պարզապես ապշում համատարած աճից: Ընդ որում ակամայից հարց ես տալիս. իսկ ի՞նչն է, ըստ էության, դարձել դրա (աճի) պատճառ։ Բացառությամբ երկու գործոնների՝ դժվար է գտնել այսչափ զվարթ վիճակագրության այլ բացատրություններ: Դրանցից մեկը (գործոններից) կարող է վերաբերել միայն տնտեսական բնութագրիչներին։ Խոսքը գների թափ առած աճի մասին է, ինչը միանգամայն օրինաչափորեն հանգեցրել է վերոթվարկյալ ցուցանիշներից շատերի աճին։ Բայց գնաճով չես կարող բացատրել, օրինակ, թե ինչու են սկսել ավելի շատ երեխաներ ծնվել։ Այստեղ վիճակագրական «հաջողության» բանաձևում ներառվում է թերևս գլխավոր շարժառիթը. առջևում ընտրություններն են, և կառավարության ու իր ստորաբաժանումների առջև ծառացած է գործող իշխանության վերարտադրման բառացիորեն գոյաբանական խնդիրը։ Հետևաբար, վիճակագրությունն էլ պիտի առանձնակի կայտառ լինի: Հանուն այդ նպատակի կարելի է այնպես անել, որ մարդիկ «ճիշտ» ծնվեն ու մահանան, ամուսնանան ու բաժանվեն։ Կարևորն այն է, որ մինչև հունիսի 7-ը ամեն ինչ դրական լինի։ Իսկ հետո…

Իշխանական թիմից ո՞ւմ է առհասարակ հետաքրքրում, թե ինչ է լինելու հետո։ Եթե այդ մասին մտածեին, ապա, օրինակ, անսպասելիորեն չէին բարձրացնի կենսաթոշակները հանուն գովազդային արշավի՝ ծանրաբեռնելով բյուջեն երկարաժամկետ հսկայական ծախսերով։ Ընտրությունների նախաշեմին միլիարդներ չէին ծախսի պետծառայողների պարգևավճարների վրա։ Այս իշխանության համար «հետո»-ն բացարձակապես արդիական չէ։ Կարևորը, ինչպես ասում են, այստեղ և այս պահինն է: Եվ որ լինի ոչ թե արդյունավետ, այլ տպավորիչ:

Այո, վիճակագրական ցուցանիշները կարելի է օգտագործել քարոզարշավում: Համատարած աճով կարելի է նույնիսկ ինչ-որ մեկին ժամանակավորապես զարմացնել ու տպավորել։ Բայց ցանկացած միտումներ իրական կյանքում պետք է ունենան շատ ավելի լուրջ հիմքեր, քան իշխանության ղեկին մնալու «թավիշի» ցանկությունը։