Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Այսօր ավելի վաղ Քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի` այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։
«Վերոհիշյալ արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ և կապված է միայն նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,–նշել են կոմիտեից։
Թռիչների արգելքը վերաբերում է ոչ առևտրային գործարարական թռիչքներին, ուսումնական թռիչքներին, անձնական թռիչքներին, գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքներին, անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքներին։
Հիշեցնենք` մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը:
Sputnik Արմենիա
