Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ, և այդ համակարգից չեն կարող դուրս լինել հոգևոր ծառայողները։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուղիղ եթերում ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Մենք վաղուցվանից ենք խոսել, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաև հարկեր վճարի։ Ընդ որում, մենք ասում ենք, որ էդ վճարված, հավաքագրված հարկերը 100 %–ով անվերապահորեն կվերադարձնենք եկեղեցուն, ըստ անհրաժեշտության նաև լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք, այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով, և այդպես շարունակ»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այս օրակարգն արդեն 8 տարի անընդունելի է եկեղեցու համար։ Փաշինյանը ենթադրում է, որ իր առաջարկը չեն ընդունում, քանի որ ուզում են գործել ստվերում և հաշվետու չլինել ժողովրդի առաջ։
Փաշինյանը շեշտեց, որ ինքը եկեղեցին պետությունից անջատ լինելու կողմնակիցն է, և չնայած եկեղեցին անջատ է պետությունից, բայց այն չի կարող դուրս լինել պետությունից, և չի կարող պետություն լինել պետության մեջ: ՀՀ վարչապետը վստահ է, որ վերջին տարիներին եկեղեցին վերածվել է քաղաքական կուսակցության և ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ։ Ըստ Փաշինյանի` դա է պատճառը, որ հավատավոր ժողովուրդը շարունակում է օտարվել ՀԱԵ-ից, ինչն այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն ՀԱԵ-ն դարձնել ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին։
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
