Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրամիության համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը՝ կազմակերպության արտգործնախարարների հանդիպումից առաջ:
Նրա խոսքով՝ այսօրվա նիստի ընթացքում քննարկվելու են ԵՄ նոր առաքելությունը, որը ստեղծվելու է Հայաստանում, և Ադրբեջանի և ԵՄ միջև հարաբերությունների զարգացման ուղիները:
Ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ Բրյուսելում ԵՄ դեսպանները հավանություն են տվել Հայաստան քաղաքացիական նոր առաքելություն ուղարկելու որոշմանը: Տեղեկատվության համաձայն, « առաքելությունը կամրապնդի Հայաստանի դիմադրողունակությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն և աջակցություն տրամադրելով նախարարություններին և անվտանգության մարմիններին »: Այդ խորհրդատվությունները կկենտրոնանան քաղաքականության մշակման, տեղեկատվության արտաքին մանիպուլյացիաների, կիբերհարձակումների, ինչպես նաև անօրինական ֆինանսական հոսքերի բացահայտման և արձագանքման վրա: Առաքելությունը նաև կգնահատի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանի անվտանգության ներուժի զարգացման համար, որպեսզի երկիրը կարողանա առավել արդյունավետ կերպով բացահայտել և արձագանքել հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանություններին և չափորոշիչներին համապատասխան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ « Ազատություն » ռադիոկայանը հաղորդել էր, որ իրենց տրամադրության տակ հայտնվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը Բրյուսելին, որում նա « խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան՝ կրեմլյան ապատեղեկատվությանը և Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտությանը հակազդելու համար, ապա, հնարավոր է, ավելի մշտական քաղաքացիական առաքելություն »: Այդ կապակցությամբ հիշեցվել է, որ ԵՄ-ը մոտ 20 հոգուց բաղկացած համանման խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, « որպեսզի օգնի մոլդովական իշխանություններին բացահայտել և հակազդել սոցիալական ցանցերում Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը »: Հավելենք, որ ավելի վաղ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել էր Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու մասին ՝ « ռուսական քարոզչությանը հակազդելու համար »:
Արմինֆո
