Հայ-թուրքական պայքար է ընթանում հիշողության համար, և այդ պայքարում մենք, անհասկանալի պատճառով, ինքնակամ նահանջում ու զիջում ենք, ինչն անընդունելի է։ Այս մասին ապրիլի 21-ին «Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» խորագրով գիտաժողովի ժամանակ հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նա հիշեցրել է, որ այսօր Հայաստանի իշխանությունները խոսում են Թուրքիայի հետ սահմանի բացման մասին, իսկ այդ համապատկերում Անկարան առաջարկում է սահմանային ուղեկալն անվանակոչել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթի պատվին։ «Դրան զուգահեռ՝ մեզ մոտ կոչ են անում մոռանալ մեր հերոսներին։ Սա համարժեք արձագանք չէ»,- նշել է փորձագետը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին, խորհրդային շրջանում, ինչպես նաև անկախության տարիներին հայ ժողովուրդը ձգտել է վառ պահել Ցեղասպանության հիշատակը և պահանջել արդարության վերականգնում, մինչդեռ Թուրքիայի քաղաքականությունը մշտապես հանգել է ժխտողականության, ինչի հիմքը դրվել էր դեռևս երիտթուրքերի կողմից։
Մելքոնյանը նշել է, որ այդ հանցագործության հեղինակներն ու կազմակերպիչները Թուրքիայում այսօր էլ հերոսացվում են։ «Մեզ մոտ՝ ի հակակշիռ թուրքական ինստիտուցիոնալ ժխտողականության, ի հակակշիռ նրանց, որ իրենց դպրոցական դասագրքերում և կրթական ծրագրերում շարունակվում է Հայոց ցեղասպանության ժխտումը և ոճրագործների հերոսացումը, հակառակ պրոցեսն է։ Խոսվում է «Նեմեսիսի» արձանի անիմաստ տեղադրված լինելու մասին, խոսվում է, որ դեռ պետք է հաշվեն՝ թե 1,5 միլիոն զոհերը իրոք այդքան են, խոսվում է, որ դեռ պետք է հասկանալ՝ թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, և խոսվում է, որ այս ամենը հակասում է քաղաքական պրագմատիզմին, որ եթե ուզում ենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, պետք է մոռանանք ինքներս մեզ, մեր հիշողությունը, մեր անցյալը։ Հիշողությունը նաև իրատեսություն է, և պրագմատիզմը որևէ կապ չունի քաղաքականության հետ»,- եզրափակել է փորձագետը։
News.am
