Логотип

Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտոնյային․ հայտնի է՝ ինչ են քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

«Փաշինյանը կարևորել է Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։ Երկուստեք քննարկվել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանը խոսել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին։ Նա ընդգծել է միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ դա համարելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող գործոն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում խոսել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի մասին։

Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Sputnik Արմենիա