Логотип

ՆԱԶԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԿՈՍ. ԵՐԲ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խորհրդային իշխանության օրոք, որը, ըստ Փաշինյանի, իր մեջ ներդրել է հայրենասիրության սխալ մոդել, կար նաև ձկան օր հասկացությունը։ Բոլոր հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում և մանկական ճամբարներում շաբաթվա այդ օրը ձուկ էին մատուցում։ Եվ օրն այդ հինգշաբթին էր:

ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ։ ԱՅՍՕՐ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕՐՆ Է։ Նախկինում սահմանափակվում էր նրանով, որ այդ օրը կառավարության նիստ էր անցկացնում։ Բայց քանի որ ընտրությունները մոտ են, իսկ Աննա Հակոբյանը՝ հեռու, հիմա Փաշինյանը որոշել է, որ կառավարության նիստում իր հայտարարությունները բավարար չեն, և մի ամբողջ ժամ պատասխանում է նաև լրագրողների հարցերին:

Ինչքա՞ն կտևի դա: Ժամանակը ցույց կտա, իսկ մենք վերադառնանք կառավարության նիստին, որն այս «Փաշինյանի օրը» հիրավի հաղթական էր նրա համար։ Ճիշտ է, փոքր-ինչ հիշեցնում էր լճացած ժամանակները. «մեծարգոն» (միայն այսպես է վարչապետը թույլ տալիս իրեն դիմել կառավարության անդամներին) գովաբանում էր յուր անձը և բարեհաճորեն լսում ներկաների ներբողներն իր հասցեին։ Ձեռքերը, ճիշտ է, չէին համբուրում, բայց լոկ առայժմ…

Ամենից առավել աչքի ընկավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը մեծագույն շնորհակալություն հայտնեց Փաշինյանին, քանի որ հենց նրա նախաձեռնությամբ և նրա աչալուրջ ղեկավարությամբ է քաղաքապետարանը որոշում կայացրել նոր տրոլեյբուսներ գնել…

Թեման անսպասելի զարգացում ստացավ։ Գովերգը լսելուց հետո Փաշինյանը հանկարծ հիշեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի մասին, որի կառուցմանը իշխող կուսակցությունը պարբերաբար խոստանում է ձեռնամուխ լինել։ Պարզվում է, ինչպես պատմեց Փաշինյանը, ծրագրված է ոչ միայն խոստանալ սկսել կայարանի կառուցումը։ Պարզվում է, կառավարությունը, այսինքն ինքը՝ Փաշինյանը, նախատեսում է այնուհետ մետրոյի «Աջափնյակ» կայարանից ճյուղ անցկացնել մինչև Ակադեմքաղաք, որի շինարարությունը մոտավորապես նույն փուլում է, ինչ մետրոյի «Աջափնյակ» կայարանինը… Բայց դա էլ դեռ ամենը չէ։ Այնտեղից Փաշինյանը նախատեսում է ճյուղ տանել մինչև մետրոյի «Չարբախ» կայարան և այդպիսով օղակաձև դարձնել մեր մետրոպոլիտենի գիծը։ «Փակել շրջանը»,- հպարտորեն հայտարարեց վարչապետը, և ներկաների իգական մասն այդ պահին վեր-վեր կնետեր ժանյակազարդ թասակները, եթե դրանք դուրս եկած չլինեին նորաձևությունից…

Հետո տեղի ունեցավ մի տարօրինակ բան։ Կա՛մ իր՝ Փաշինյանի ծիծաղն էլ եկավ սեփական ծրագրերց, կա՛մ նա նկատեց, որ կառավարության որոշ անդամներ հայացքը հառել են գետնին… Որովհետև նրանք էլ մարդ են, նրանք էլ են երբեմն ամաչում … Եվ Փաշինյանը սկսեց համոզել կառավարության անդամներին, որ ավազի վրա այդպիսի ծրագրումը միանգամայն նորմալ մոտեցում է, և բոլոր դժբախտությունները նրանից են, որ նախկինում նման մոտեցում չի եղել… Ավելին, պարզվում է, որ նույնիսկ ամենատարբեր երկրներում ծրագրերն այնքան արագ չեն իրականացվում, որքան իր նախարարների կաբինետում…

Մի փոքր շտկումով համաձայնենք։ Ոչ մի զարգացած երկիր չի կարող մրցակցել Հայաստանի հետ կառավարության նիստերում շատրվանող ցնդաբանություններով։

Դե, իսկ հետո Փաշինյանը վերջին հարվածը հասցրեց կառավարության անդամներին և իր ընտրազանգվածին, հայտարարելով, թե իր կառավարությունը 7 տարվա ընթացքում առանց աղմուկ-աղաղակի կառուցել է 2 ատոմակայան, այդպիսով լուծելով հանրապետության էներգետիկ անվտանգության ռազմավարական խնդիրը… «Բացում չենք արել, ժապավեն չենք կտրել»,- հպարտորեն հայտարարեց Փաշինյանը։

Վովաևիչ, Վովաևիչ… Փաշինյանը Փաշինյան լինի, ու առանց աղմուկի, առանց պիարի ինչ-որ բան անի՞… Երբ կնոջդ հետ գիրք եք կարդում, ամբողջ աշխարհն է իմանում, էլ ուր մնաց երկու ատոմակայան կառուցեք…

Իրականում Փաշինյանը նկատի ուներ, որ այնքան արևային կայաններ են ստեղծվել, որ դրանք միասին երկու անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրում, քան ատոմակայանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Խուդաթյանի խոսքերով՝ այսօր արդեն արտադրում են 850 մեգավատտ, իսկ 2030-ին նախատեսվում է հասցնել 1000 մեգավատտի…

Այս թվերն այնքան էլ արժանահավատ չեն, հատկապես առաջինը, բայց եթե անգամ դրանք ճիշտ են, ապա Փաշինյանն ինքն է ասում, որ արևային կայանների հետ կապված շատ խնդիրներ կան։ Սկսած այն փաստից, որ անարեգակնային ժամերին դրանք պարզապես չեն աշխատում, վերջացրած այն հարցով, թե ինչպես կուտակել դրանց արտադրած էներգիան։ Եվ էլի բազում հարցեր: Այնպես որ, եթե Փաշինյանի կառավարությունը յոթ տարվա ընթացքում ստեղծել է 2 ատոմակայան, ինչպես վարչապետն է ասում, ապա դա բեկում է էներգետիկայում. մինչ օրս աշխարհը չի տեսել ատոմակայաններ, որոնք աշխատում են լոկ որոշակի ժամերի։

…Եվ այդ մարդը դեռ կշտամբում է ընդդիմությանը Կիկոսի մահվան մասին հեքիաթի ոճով հայտարարությունների համար: Թող իրեն նայի հայելու մեջ: Թեև, ինչպես բազմիցս նկատել ենք, Թումանյանի բոլոր հեքիաթներից նրան առավել համապատասխանում է, իհարկե, Քաջ Նազարի մասին հեքիաթը։ Հատկապես կառավարման առաջին տարիներին, երբ Արցախը դեռ Հայաստան էր «և վե՛րջ», Խորհրդային Միության կողմից Փաշինյանի մեջ ներդրված հայրենասիրության սխալ մոդելի շնորհիվ: Բայց աստիճանաբար նա կերպափոխվեց, և Քաջ Նազարի մասին հեքիաթի հերոսից վերածվեց Կիկոսի մասին հեքիաթի հերոսուհուն։ Դժվար է այլ կերպ բնութագրել Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե իր կառավարությունը «առանց աղմուկ-աղաղակի» իրականացրել է ևս բազմաթիվ բեկումներ, որոնք իրենց նշանակությամբ չեն զիջում 2 ատոմակայանների ստեղծմանը …

Հ.Գ.- Իսկ Ավինյանը խոսեց այն մասին, որ վարչապետի զգոն ղեկավարությամբ Հրազդանի կիրճում ստեղծվելու է հանգստի վերականգնվող կանաչ գոտի։ Եվ այդ գոտին ձգվելու է «Կորեայի ձորից» մինչև Երևանյան լիճ։ Ճիշտ է, Ավինյանը չհստակեցրեց. դա լինելու է մինչև Ակադեմքաղաքից Չարբախ մետրո սարքելը, թե՞ դրանից հետո։ Կարծում ենք, ամեն դեպքում դա քիչ ավելի շուտ կլինի, քան մեր ֆուտբոլը կնվաճի Եվրոպան և մնացյալ աշխարհը։