Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են մնալ պաշտպանության նախարարության վարչական համալիրի դարպասների մոտ՝ սպասելով, որ իրենց խոստացված հանդիպումը կայանալու է։
Սեպտեմբերի 27-ին ՊՆ-ի մոտ հավաքված ծնողները պահանջել էին հանդիպել ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Խոստացել էին, թե հանդիպումը երկուշաբթի կկազմակերպվի։ Այսօր, սակայն, պարզ դարձավ, որ ծնողներին պատրաստ է ընդունել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ընդ որում` 3 ծնողի, այլ ոչ 30, ինչպես ակնկալվում էր։
Անհետ կորածների հարազատներն արդեն շուրջ 2 ժամ է՝ փակ են պահում անցագրայինի դուռը՝ նշելով, որ Արման Սարգսյանի հետ խոսելու ոչինչ չունեն, իսկ դուռը շարունակելու են այնքան ժամանակ փակ պահել, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։
«Ես ո՛չ վախում եմ, ո՛չ քաշվում եմ։ Իմ պահանջն արդար ա, ազնիվ, ո՛չ իշխանություն եմ ուզել, ո՛չ հեղաշրջում եմ ասել, ո՛չ էլ ասել եմ՝ էս մեկը լավն ա, էն մեկը վատն ա, իմ համար բոլորն էլ մեկ են, իմ համար կարևորն իմ երեխու ճակատագիրն ա, որի մասին 5 տարի ա՝ տեղեկություն չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը` Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանն անհետ կորած է։
Ի դեպ, քիչ առաջ նրա ինքնազգացողությունն էր վատացել, շտապօգնության ծառայություն էր կանչվել։
Sputnik Արմենիա