Логотип

Կոնկրետ հանձնարարություն է․ պաշտպանը՝ Միքայել սրբազանի հնարավոր պատժի մասին

Մեր երկրում բացառիկ բան է տեղի ունենում․ առաջին անգամ միջին ծանրության հանցանքի հոդվածով անձին ազատազրկելու միջնորդություն է ներկայացվում, մինչդեռ նույն հոդվածը 5 տարբեր տեսակի պատիժներ է նախատեսում, այդ թվում՝ տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում և այլն։ Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով լրացուցիչ դատալսումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այն դեպքում, երբ դատախազը կարող էր այլ պատժատեսակ միջնորդել, միանգամից միջնորդություն է ներկայացվում նրան ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

«Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման շարունակություն է, սա կոնկրետ հանձնարարություն է, հակառակ դեպքում բացառվում է, որ որևէ այլ գործով դատախազը գար ու նման միջնորդություն ներկայացներ»,- ասաց Սարգսյանը։

Մյուս պաշտպան Արա Զոհրաբյանի համար ևս ակնհայտ է, որ դատարանը կաշկանդված է։

«Ակնհայտ է, որ այս դատարանն ինչ-որ կոմպրոմատի կամ այլ պատճառով վախեցած է իշխանությունից և անելու է այն, ինչ անում է։ Այսինքն՝ կալանք է սահմանել, երբ Միքայել սրբազանին կալանք չէր հասնում, բնականաբար, իր գործողությունները տանում են նրան, որ նա տանելու է ազատազրկման, որովհետև քաղաքական հաշվարկի տեսակետից Միքայել սրբազանը նրանց խանգարում է»,- ասաց մյուս պաշտպան Արա Զոհրաբյանը։

Հավելեց՝ անկախ նրանից, թե դատարանն ինչ դատավճիռ կկայացնի, քանի որ արդեն կա մեղադրական վերդիկտ, որով սրբազանին մեղադրյալ են ճանաչել, ինչը հակասում է ճշմարտությանը։ Պաշտպանական թիմը բողոքարկելու է այն։

Պաշտպանները շեշտեցին՝ դատավճռից հետո պատրաստվում են նաև որոշակի գործընթաց իրականացնել դատավոր Արմինե Մելիքսեթյանի դեմ։

Sputnik Արմենիա