Логотип

ՌԴ-ում Հայ եկեղեցու ղեկավարը կարևորություն չի տալիս «Миротворец»-ի բազայում ընդգրկվելուն

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը կարևորություն չի տալիս այն փաստին, որ իրեն ներառել են ուկրաինական «Миротворец» բազայում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Թեմից գործակալությանը հայտնել են, որ Եզրաս արքեպիսկոպոսը հարկ չի համարում անդրադառնալ այս թեմային՝ առաջնորդվելով աղոթքի ոգով, ինչպես Ավետարանում է ասվում «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղուկ. 23:34)։

Նախօրեին հայտնել էինք, որ Եզրաս արքեպիսկոպոսն ընդգրկվել էր ուկրաինական «Миротворец» բազայում։ Որպես պատճառ նշվում է աջակցությունը Ռուսաստանին, «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հարձակումը»։

«Миротворец» կայքը հայտնի է սկանդալային հրապարակումներով, որոնցում ներկայացվում են լրագրողների, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի աշխարհազորայինների և այլ քաղաքացիների տվյալները՝ նրանց անվանելով «հայրենիքի դավաճաններ»: 2016-ի գարնանը «Миротворец»-ը հրապարակել էր լրագրողների, այդ թվում՝ արտասահմանցի լրագրողների ցուցակները, որոնք հավատարմագրում էին ստացել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմից՝ նշելով նրանց կոնտակտային տվյալները, ինչից հետո նրանցից ոմանց հասցեին սպառնալիքներ էին ուղղվել: Այն ժամանակ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հրապարակումն անվանել էր «տագնապալի քայլ», որը կարող է է՛լ ավելի վտանգել լրագրողների անվտանգությունը:

«Миротворец» կայքի տերերի գործողությունները քննադատել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրապարակումները գնահատելով որպես «լրագրողների նկատմամբ հաշվեհարդարի ուղիղ կոչ»: «Миротворец» կայքի տվյալների բազայում ներառված են նաև տեղեկություններ մի շարք ռուս մշակութային գործիչների և տարբեր երկրների այլ քաղաքացիների մասին:

Sputnik Արմենիա