Логотип

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԵՆ

Չնայած իշխանությունների հավաստիացումներին, թե խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սահմանված ժամկետին, 2026-ի հունիսին, այդուհանդերձ կարծում ենք, որ արտահերթ ընտրությունների սցենարը բացառել դեռ վաղ է։ Իշխող կուսակցությունը դեռևս ժամանակ ունի նախաձեռնելու այդ գործընթացը։

Կան գործոններ, որոնք կարող են դրդել իշխող կուսակցությանը նման որոշման։ Հենց իշխող կուսակցությանը, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերին, քանի որ իր ձախողումների պատճառով, հատկապես անվտանգության ոլորտում, իշխող կուսակցությունը շահագրգռված է պահպանել իշխանությունն ու խուսափել պատասխանատվությունից: Այս տեսանկյունից բազմիցս ասվել է, որ իշխող կուսակցությանը ձեռնտու է գնալ հենց արտահերթ ընտրությունների, քանի որ քարոզարշավն այդ դեպքում ավելի սրընթաց է, իսկ իշխանությունն ավելի արագ է մոբիլիզացնում ռեսուրսները։

Ի՞ՆՉ ԳՈՐԾՈՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՂԵԼ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ: Օրինակ, անհեթեթ գործն ընդդեմ Սամվել Կարապետյանի, որը ճաղերի հետևում է Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացներին իր ձևով մասնակցելու մտադրություն արտահայտելու համար… Որևէ այլ մեղադրանք նրան կպցնել չի հաջողվում։ Նրա դեմ գործի անհեթեթության մասին արդեն սկսել է գրել նաև արևմտյան մամուլը։ Դեռ որքա՞ն է իշխանությունը պահելու նրան ճաղերի հետևում՝ բացահայտ ցուցադրելով իր ողորմելիությունը։

Բացի այդ, Կարապետյանի բանտարկված լինելը չի խանգարում նրա կողմնակիցներին ձևավորել նոր քաղաքական ուժ։ Եվ կարելի է չկասկածել, որ 2026-ի ամռանը այդ ուժը ձևավորված կլինի և կդառնա Փաշինյանի գլխավոր մրցակիցներից մեկն ընտրություններում։ Հնարավոր է, որ Փաշինյանը որոշի չսպասել նման ուժի ձևավորմանը և անցկացնել ընտրությունները, քանի դեռ դրա առաջնորդը ճաղերի հետևում է։

Արտահերթ ընտրությունների գնալու Փաշինյանի որոշման համար կատալիզատոր կարող է դառնալ նաև Հայ Առաքելական Եկեղեցու և նրա առաջնորդ Գարեգին Բ Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակը։ Արդեն մոտ կես տարի է, ինչ Փաշինյանը վարում է իր արշավն ընդդեմ կաթողիկոսի, և ի՞նչ։ Գտան երկու հոգևորականի, որոնք պատրաստ են աջակցել վարչապետին… Բա հետո՞։ Հանրահավաք Էջմիածնո՞ւմ։ Ենթադրենք, թե Փաշինյանը, մոբիլիզացնելով ռեսուրսները, հազարավոր, թեկուզ նույնիսկ տասնյակ հազարավոր մարդկանց հավաքի նման հանրահավաքի։ Ե՞տքը։

Հայաստանը շատ է տեսել մեծ հանրահավաքներ։ Կաթողիկոսի կողմնակիցները միշտ էլ կարող են կազմակերպել իրենց զանգվածային հանրահավաքը։ Երկու հանրահավաքները ելնելու են իրար դե՞մ։

Ասենք, առանց այլընտրանքային հանրահավաքի էլ… Ի՞նչ է անելու Նիկոլն իր հանրահավաքից հետո։ Գրոհելո՞ւ է Գարեգին Բ Կաթողիկոսի նստավայրը։ Որ վերջնականապես խայտառակվի՞։ Կաթողիկոսի դեմ քրեական գո՞րծ է հարուցելու՝ կառչելով որևէ արտահայտությունից։ Ոչ պակաս խայտառակություն:

Փաշինյանի համար խնդիրն այն է, որ Կաթողիկոսի հրաժարականը կախված է մեկ անձից։ Եվ այդ անձը Փաշինյանը չէ, այդ անձը Գարեգին Բ կաթողիկոսն է։ Եթե նա հրաժարական չտա, Փաշինյանը նրան տապալելու գործիքներ չունի։

Դատելով ամենից, նախքան ընտրությունները տեղի տալ Գարեգին Բ-ն բնավ մտադիր չէ, իսկ չէ որ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» պարտվելու դեպքում Կաթողիկոսի դեմ ողջ արշավը հօդս կցնդի վայրկենապես։ Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում ու ևս 5 տարով մանդատ ստանա, ապա չի բացառվում, ինչպես կարծում է Փաշինյանը, թեև իրականում բացառվում է, որ Կաթողիկոսը որոշի զիջել և «հանգիստ ապրել»:

Ահա ևս մեկ գործոն, որը կարող է դրդել Փաշինյանին արտահերթ ընտրություններ անցկացնել, որպեսզի հաղթանակի դեպքում Կաթողիկոսի «հարցերն արագ լուծի» իր նոր հաջողության ալիքի վրա: Մանավանդ եթե Բաքվից խոստանան ազատել մի քանի պատանդների, իսկ Անկարայից խոստանան բացել սահմանն ամբողջությամբ կամ մասնակիորեն։

Իշխող կուսակցության մտադրությունների հստակեցման համար լակմուսի թուղթ կարող է ծառայել 44-օրյա պատերազմի հանգամանաքները քննող խորհրդարանական հանձնաժողովի տխրահռչակ զեկույցը, որը վաղուց պատրաստ է, բայց շարունակ չի հրապարակվում։ Դա իշխող կուսակցության հաղթաթուղթն է. զեկույցը պատրաստվել է, որպեսզի պատերազմում պարտության մեղավոր ներկայացվեն հնարավոր ու անհնար բոլորը, բացի մեկ մարդուց՝ Նիկոլ Փաշինյանից։ Եվ հասկանալի է, թե ինչու է ձգձգվում զեկույցի հրապարակումը։ Հաղթաթուղթը պետք է սեղանին դրվի ընտրական գործընթացների տեսանկյունից առավել շահեկան պահին։