ԱՄՆ 72–ամյա քաղաքացի Ռաֆայել Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն անհիմն է և ուղղված է խոսքի ազատության սահմանափակմանը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սարգսյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։
ՀՀ քննչական կոմիտեում Ռաֆայել Սարգսյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքից մեկ օր անց՝ սպանության սպառնալիքի հոդվածով: Ի դեպ, այդ օրը նա հանրահավաքին չի մասնակցել, այլ եղել է հարակից սրճարաններից մեկում նստած և հետաքրքրությունից դրդված մոտեցել է հանրահավաքի մասնակիցներին։ Լրագրողների հարցին ի պատասխան ասել է. «Էս ժամանակները, որ մենք ենք ապրում, ես ճար եմ ման գալի՝ Նիկոլին բռնեմ, վիզը պոկեմ»։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, այսօր պետք է տեղի ունենար Ռաֆայել Սարգսյանի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է դատախազի զբաղվածության պատճառով։
Փաստաբանն անհիմն է համարում մեղադրանքը, քանի որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի` ապանության սպառնալիքը պետք է իրական լինի, մինչդեռ այս դեպքում ընդհանրապես այդ մասին խոսք չկա։
«Ընդամենը տարեց մարդն արտահայտել է իր դժգոհությունը ՀՀ–ում տարվող քաղաքականության նկատմամբ` կենցաղային բառերով, լեզվով։ Մենք մեր կենցաղային խոսքի մեջ բազմաթիվ նմանատիպ բառեր ունենք, օգտագործում ենք, հիմա ինչ` բոլոր այս դեպքերում դա սպանության իրական սպառնալիք որակե՞նք։ Անգամ մամուլի հրապարակումներում շատ եմ տեսել, թե ինչպես են նույն ԱԺ պատգամավորների մասնակցությամբ միջադեպեր լինում և այդ ընթացքում բազմաթիվ նմանատիպ` ավելի կոշտ արտահայտություններ հնչում։ Մինչդեռ դրանք երբևէ իրավապահ մարմինների կողմից չեն դիտարկվում որպես սպանության իրական սպառնալիք և քրեական վարույթներ չեն նախաձեռնվում»,– ընդգծեց փաստաբանը։
Անդրիկյանի խոսքով` եթե չլիներ Սամվել Կարապետյանին աջակցության այդ հանրահավաքը, այլ մեկ այլ հանգամանքներում Ռաֆայել Սարգսյանը հնչեցներ իր այդ խոսքերը, նրա նկատմամբ միանշանակ վարույթ չէր նախաձեռնվի։
«Մենք այս պարագայում առնվազն ազատ խոսքի իրավունքի սահմանափակման հետ գործ ունենք։ Այդ մասին մենք ահազանգել ենք նաև Ամերիկայի դեսպանատուն, քանի որ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ են սահմանափակումները կիրառվում։ Խնդրի մասին նաև տեղեկացրել ենք դեսպանատան համապատասխան աշխատակիցներին»,– տեղեկացրեց փաստաբանը։
Թե երբ կլինի դատական հաջորդ նիստը, Անդրիկյանը տեղյակ չէր։