Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունն ավելի շուտ խորհրդանշական բնույթ ունի և Իսրայելի և Գազայի միջև խաղաղ գործընթացների համատեքստում գործնական ազդցություն չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եգիպտոս, որտեղ նա կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի կնքման շուրջ։
Միքայելյանը շեշեց, որ Փաշինյանի այցն առաջին հերթին կապված է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ցանկության հետ, որը ցանկանում է ցուցադրել հակամարտություններն ավարտելու և խաղաղարար լինելու իր ունակությունը։
«Հայաստանի ներդրումը Իսրայելի և Գազայի միջև պոտենցիալ խաղաղության մեջ զրոյական է, նա այնտեղ ոչինչ չի կարող անել։ Ուստի Հայաստանը կլինի զուտ ներկա գտնվողի դերում»,– նշեց քաղաքագետը։
Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը արձանագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ԱՄՆ-ի` որպես միջնորդի դերի ամրապնդումը։
Ավելի վաղ հատնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Եթե 2021 թվականին հիմնական միջնորդը Ռուսաստանն էր, ապա հետո` Ադրբեջանի, Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ճնշման ներքո, բանակցային գործընթացը տեղափոխվեց Բրյուսել, այնուհետև Վաշինգտոն և Նյու Յորք։ Այժմ մենք տեսնում ենք, որ այդ ձևաչափն ամրապնդվում է», – ընդգծեց Միքայելյանը։
Միքայելյանը չբացառեց, որ գագաթնաժողովի շրջանակներում կարող են տեղի ունենալ հայկական պատվիրակության ոչ ֆորմալ հանդիպումներ այլ երկրների ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին: Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։