Վաղարշապատում կայանալիք ընտրությունների շեմին «Քաղաքացիական պայմանագրի» տեղի ներկայացուցիչները հորդորել են Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին և կուսակցության ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանին համոզել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Էջմիածին չգնալ և չմիջամտել նախընտրական գործընթացներին, գրել է «Փաստ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրանք մտավախություն ունեն, որ Փաշինյանը կարող է ցածր վարկանիշով պայմանավորված իրավիճակը փրկելու համար անձամբ այցելել Էջմիածին, նույնիսկ հանրահավաք անցկացնել:
Նրանց համոզմամբ՝ անհնար է մարդկանց համոզել, որ Մայր Աթոռի և, ընդհանրապես, Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարչապետի արշավը ճիշտ է, հանուն եկեղեցու է, նշել է լրատվականը։
Թերթը տեղեկացրել է, որ Փաշինյանի այցը կտապալի ավագանու ընտրություններում հաջողության հասնելու վերջին հույսերը։
Վաղարշապատի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Մասնակցելու են ութ քաղաքական ուժեր՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքը (որը ներառում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները), ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն», «Հանրապետություն» և «Համաժողովրդական ճակատ» կուսակցությունները։
Մայիսին Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնը մնում է թափուր։
Armenia Today
