Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասանուհի Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» կինոնկարը մրցանակների է արժանացել Հոլիվուդում կայացած ARPA միջազգային կինոփառատոնի շրջանակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն հաղթող է ճանաչվել «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ Աննա Մաքսիմն արժանացել է «Ծագող աստղ» մրցանակին։
Այս մասին դերասանուհին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ։
«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական կինոնկարը լայն լսարանին է ներկայացնում անվանի ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և՛ վերելքները, և՛ վայրէջքները, բացահայտում էջեր, որոնց հնարավոր է՝ անգամ Ավդալյանի մտերիմները ծանոթ չեն։
Ավտովթարի հետևանքով լուրջ վնասվածք ստանալով՝ Նազիկ Ավդալյանը յոթ տարի դուրս է մնում մեծ սպորտից, հետո վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով՝ եթե կան կամք և աննկուն ոգի, անհնար ոչինչ չկա:
Աննա Մաքսիմը, որ նաև մարմնավորում է Նազիկ Ավդալյանի կերպարը, ավելի վաղ նշել էր՝ պատմությունը բարձրացնում է հարցեր, տալիս է որոշ պատասխաններ։ «Ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է ինձ խանգարում դա անել, ինչքանո՞վ է իմ ցանկությունը կարևոր նաև Հայաստանի համար։ Ըստ իս՝ Նազիկ Ավդալյանը պատասխանել է այդ հարցերին»,-շեշտել էր նա:
