Իշխող թիմն ունի սիրելի նարատիվներ։ Դրանց ճնշող մեծամասնության հեղինակը վարչապետ Փաշինյանն է։ Դե, իսկ մյուսները, թութակների պես, կրկնում են դրանք տեղին ու անտեղին, քանի որ ինքնուրույն ինչ-որ բան հորինել անկարող են:
Փաշինյանի մոգոնած առանձնակի սիրելի նարատիվներից է այն «թեզը», թե Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» է ընթանում, որի նպատակը հայոց պետականության վերացումն է։ Այդ մտքի գլխավոր զանգվածայնացնողներից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նրան շա՜տ է դուր գալիս այդ հասկացությունը. «հիբրիդային պատերազմ»։ Տերմին, որը նա պարբերաբար օգտագործում է՝ զուգահեռաբար խայթոցներ արձակելով հյուսիսային հարևանի հասցեին, որտեղից Հայաստան է գալիս ատոմակայանի վառելիքը, ցորենը, սպառազինությունը և էլի շատ բաներ…
ԲԱՅՑ ՀԻՄԱ ԽՈՍՔԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ԱՅԼ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ Է։ Այն մասին, որ այդ հարցում Փաշինյանն ու «ուսապարկերը» այնքան էլ անիրավացի չեն։ Հակառակը, իրավացի են. Հայաստանի դեմ իսկապես հիբրիդային պատերազմ է ընթանում, որի վերջնական նպատակը հայոց պետականության վերացումն է։ Պարզապես պետք է հիշել, որ մենք ապրում ենք Նիկոլ Փաշինյանի անվան «ծուռ հայելիների թագավորությունում», որտեղ ամեն ինչ հակառակն է շրջած։ Սա հիշելիս հեշտ է ընդունել, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմը»՝ պետության վերացման վերջնական նպատակով, վարում է ոչ այլ ոք, քան իշխող թիմը։
Պարզապես Փաշինյանը, որը միակն է թիմում, որ քիչ թե շատ հասկանում է, թե ինչն ինչոց է, նախօրոք տեղափոխում է սլաքներն ուրիշի վրա։ Բնորոշ հնարք այն մարդու պարագայում, որը «երբեք իրեն պարտված չի ճանաչի»:
Չէ որ այդ ինքը չէ հանձնել Արցախը։ Արցախը դեռ 1991-ին հանձնել է Տեր-Պետրոսյանը՝ մի ինչ-որ հռչակագիր ստորագրելով, այնուհետ եկավ Քոչարյանն ու նորից հանձնեց Արցախը, հետո էլ արդեն երրորդ անգամ հանձնեց Սարգսյանը։ Իսկ Փաշինյանը՝ ի՞նչ։ Նա 2020-ին և 2023-ին փրկել է հայոց պետականությունը։ Դարերի համար է փրկել հայոց պետականությունը. այդպես է ասում նա՝ իրականում նկատի ունենալով, որ դարերի համար կործանեց Արցախը՝ առանց վերականգնման հնարավորության:
Փաշինյանը հասկանում է, որ «հիբրիդային պատերազմը» դադարելու իրավունք չունի։ Դադարումը կդառնա ձախողման սկիզբ, ուստի ի հայտ բերվեց նոր օրակարգ. Հայ Եկեղեցին։ Չէ, հանկարծ չմտածեք, թե այդ Փաշինյանն է թիմի հետ միասին աշխատում հազարամյա ինստիտուտը պառակտելու ուղղությամբ։ Պառակտելու՝ դարերի համար, առանց վերականգնման հնարավորության, ինչպես արեցին Արցախի հետ։
Չէ, Փաշինյանը կապ չունի։ Հիբրիդային պատերազմի այդ հատվածը վարում են «մաֆիոզ» Կաթողիկոսը և «ԿԳԲ-ի գործակալ», նրա եղբայր Եզրասը։ Եվ ամենևին էլ կարևոր չէ, որ Եզրասը հոգևոր հովիվ է նշանակվել այն ժամանակ դեռևս Լենինգրադում, ԽՍՀՄ փլուզման վերջին տարում՝ Վազգեն Առաջինի կողմից, և Ռուսաստանում իր ծառայության տարիների ընթացքում փաստորեն զրոյից վերստեղծել է հայ թեմերն ու տաճարները:
Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի տասնյակ եկեղեցիներ են կառուցվել ու օծվել Ռուսաստանում այսօր արդեն Եզրաս արքեպիսկոպոսի ծառայության ընթացքում: Մի քանի հարյուր եկեղեցի էլ կառուցվել, վերակառուցվել և օծվել է Գարեգին Բ-ի օրոք Հայաստանում և նրա սահմաններից դուրս…
Բայց, բնականաբար, «ծուռ հայելիների թագավորությունում» հենց նրանք են պառակտում Եկեղեցին, այլ ոչ թե «սուրբ» Փաշինյանը։ Վերջինիս բարի մտադրություններով է սալարկված և, եթե գործածենք իր իսկ սիրելի հասկացությունները՝ արդեն հիմնովին ասֆալտապատված բացառապես մեկ ճանապարհ։ Հենց դժոխքի, դարերի համար պետության ոչնչացման ճանապարհը: Չէ որ նա երբեք իրեն պարտված չի ճանաչի…
