Логотип

Վահան բնակավայրի հատվածում հրդեհը ներթափանցել է հակառակորդի կողմից

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված խոշոր հրդեհը հնարավոր է՝ հակառակորդի անտառային հատվածից է ներթափանցել։

NEWS.am–ի հետ զրույցում Ճամբարակի փոխքաղաքապետ Ռոբերտ Օհանյանը նշեց, որ այս պահին որևէ վարկած բացառել պետք չի։

«Օրինակ, Վահան բնակավայրի հատվածում հաստատ հակառակորդի հատվածից է ներթափանցել, մնացածը քննությունը պետք է պարզի։ Ամբողջ գիշեր աշխատել են հրշեջները, այս պահին կրակը վերահսկելի է։ Կարևորը, որ դեպի Թթուջուրի անտառներ չներթափանցի»,– ասաց նա։

Հրդեհը բռնկվել է մոտ 3 օր առաջ, մինչդեռ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդել է, որ նոյեմբերի 21-ին է ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել։

Ըստ ՆԳՆ–ի՝ նախնական տվյալներով 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։