Логотип

ԳՈՒՄԱՐԱԾ ՄԵԿ. ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱԼԻԵՎԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՎՍ ՄԵԿ ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆԸ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ

Դեկտեմբերի 3-ին շատ հետաքրքիր հաղորդագրություն տարածվեց Լիբանանի արտաքին գործերի նախարարի և ՀՅԴ Բյուրոյի Մերձավոր Արևելքի հարցերով պատասխանատու Հակոբ Բագրատունու հանդիպման մասին: Դատելով տեքստից՝ հանդիպումը նվիրված էր Բաքվում ապօրինի պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի խնդրին, որի առողջական վիճակը վերջին շրջանում խիստ մտահոգիչ է. նրա ոտքերն անզգայացել են, չի կարողանում քայլել, անվասայլակ չունի, հիվանդ է ու հյուծված, իսկ սննդամթերքից ստանում է միայն հաց ու թեյ:

ՀԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ՎԻԳԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԻՆԸ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ ԵՆ բոլոր հնարավոր հասցեներով, պահանջելով անհապաղ ազատ արձակել արդեն ավելի քան 5 տարի Բաքվի զնդանում գտնվող և հուսահատությունից երեք անգամ հացադուլ հայտարարած գերուն՝ պահանջելով արդար դատավարություն: Այդ կոչերը, խնդրանքն ու պահանջները բախվում են լռության և անտարբերության խուլ պատին՝ ի դեմս ՀՀ իշխանությունների, որոնք խոսքերով վստահեցնում են, թե իբր՝ անում են ամեն հնարավորը, բայց իրականում ոչինչ չեն ձեռնարկում նույնիսկ ԿԽՄԿ գրասենյակի փակումից հետո միջազգային կառույցների կողմից գերիներին այցելության թույլտվության հասնելու համար։

Ահա ուրեմն, Բագրատունու հետ հանդիպման ժամանակ նախարար Յուսեֆ Ռաջին տեղեկացրել է, որ Էուլջեքչյանին ազատ արձակելու հարցը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, և որ Լիբանանի կողմից բոլոր անհրաժեշտ դիմումներն ու պաշտոնական քայլերն արդեն իսկ ձեռնարկված են: Ընդ որում նա ընդգծել է, որ «կարևոր դեր ունեն նաև հայկական կողմի ջանքերը»: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք սովորականի, ապա դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում Վիգենին, ինչպեսև մյուս գերիներին փաստացի փրկելու համար: Եթե առհասարակ ձեռնարկում են:

Ինչը, ըստ էության, արդեն վաղուց արձանագրում են հայ և միջազգային իրավապաշտպաններն ու իրավաբանները, և հայկական ԱԳՆ-ի լռությունը՝ ի պատասխան լիբանանցի նախարարի հայտարարության, դրա հերթական հաստատումն է։

Մինչդեռ Բաքվում, օգտվելով, բացի ամենից՝ նաև Ադրբեջանի բարեկամ փաշինյանական ռեժիմի անտարբերությունից և անգործությունից, ոչ միայն մտադիր չեն որևէ զիջման գնալ, այլև ցուցադրաբար ավելացնում են գերիների և ապօրինի դատերի թիվը՝ բռնազավթված Արցախում դեռևս մնացած մի քանի հայերի հաշվին։ Այսպես, օրերս այնտեղի ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, որ նշանակվել է «ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների» մեջ մեղադրվող ստեփանակերտցի Կարեն Ավանեսյանի դեմ «գործով» «դատական նիստի» օրը. նախնական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին:

Սեպտեմբերի կեսերին Բաքվի լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին բռնազավթված Ստեփանակերտում Ավանեսյանի ձերբակալության մասին, որն իբր ահաբեկչություն էր նախապատրաստում: Լուրին կցված էր ակնհայտորեն բեմադրված տեսանյութ, որը կոչված էր ապացուցելու, թե նա անտառում իր թաքստոցից վերցրել է զենքը, որից հետո գնացել է միջոցառման անցկացման վայր՝ ահաբեկչություն իրականացնելու, սակայն ձերբակալվել է։

«Ձերբակալության պահին Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել՝ ձեռքի երեք նռնակ նետելով և ինքնաձիգից կրակ բացելով։ Պատասխան կրակի հետևանքով Ավանեսյանը հրազենային վնասվածք է ստացել»,- ասված էր հաղորդագրության մեջ: Ընդ որում «դիմադրության և հրաձգության» կադրերը բացակայում էին. հրապարակվում էին լոկ բեմադրված լուսանկարներ։

ԿԱՐԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԷՐ ՈՐՊԵՍ ԿԵՆԴԱՆԱՍԵՐ, ակնհայտ հոգեկան խնդիրներով։ Դեռևս 2024 թվականի մարտին տարածվել էր ադրբեջանական հեռուստաալիքին տված նրա «հարցազրույցի» տեսանյութը։ «Ինձ լավ հայտնի է Ադրբեջանի պատմությունը, քանի որ ինքս ադրբեջանցի եմ։ 16 տարեկանում ես դարձել եմ Ադրբեջանի քաղաքացի, ես Հայաստանի քաղաքացի չեմ»,- ասում էր Ավանեսյանը, որը, եթե հավատանք հաղորդագրություններին, 58 տարեկան է։

Սեպտեմբերին նրա ձերբակալությունից հետո «ԳԱ»-ն գրել է. «Եթե ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող այդ մարդուն մի անգամ կարելի էր օգտագործել քարոզչական կեղտոտ նպատակներով, ապա ինչո՞ւ չի կարելի օգտագործել երկրորդ անգամ՝ նույն այդ նպատակներով: Օրինակ, հերթական անգամ ի լուր աշխարհի հայտարարելու համար, թե արցախահայերը ահաբեկիչներ են և հիմա էլ չեն հանդարտվել ու ահաբեկչություններ են պատրաստում Ստեփանակերտում։ Եվ ուրեմն նրանց վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Եվ կազմակերպելու ևս մեկ ցուցադրական դատավարություն՝ ի հաճույս սեփական հանրության և ի ահաբեկում հայերի»։

Ցավոք, մենք ասես տեսնում էինք ապագան. երկուսուկես ամիս անց Բաքվում կկայանա հերթական «դատը» հայի դեմ, որի «գործը» կարված է նույնիսկ ոչ թե սպիտակ, այլ ընդհանրապես ոչ մի թելով։ Ալիևին, ըստ երևույթին, խիստ նյարդայնացնում են հայ գերիներին ազատ արձակելու պահանջով մշտական հրապարակումները միջազգային մամուլում, տարբեր երկրների իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների հայտարարությունները և իրավական նորմերի կոպտագույն խախտումներով ընթացող «դատերի» ընթացքում աղաղակող ապօրինությունների մատնանշումը:

Ընտրելով հերթական թիրախը՝ հանձին անպաշտպան հոգեկան հիվանդ մարդու, նա փորձում է ապացուցել, թե Ստեփանակերտում մնացած մի կույտ հայերը (10-15 հոգուց ոչ ավելի), ահաբեկչություն են նախապատրաստում և ջուր պղտորում «խաղաղ գործընթացում»։ Բայց ոչ միայն. հարցն այն է, որ Կարեն Ավանեսյանի «դատը» հաստատ կտարբերվի գերիների նկատմամբ մնացած բոլոր զազրելի ինքնադատաստաններից, որովհետև այս հայը կասի այն ամենը, ինչ իրեն կհրամայեն, կխոստովանի այն ամենը, ինչ պետք է «դատարանին», այդ թվում ՝ սեփական «հանցավոր մտադրությունները»։ Միանգամայն հնարավոր է, որ Ավանեսյանի դատը նշված և այլ պատճառներով ավելի բաց լինի հանրության և մամուլի համար, ի տարբերություն Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դեմ «դատերի» փաստացի փակ նիստերի։ Անկախ մարմնի կողմից որևէ վերահսկողության բացակայության պայմաններում Ավանեսյանի վրա, անշուշտ, լավ են «աշխատել». Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե այս երկուսուկես ամիսներին ինչպիսի ֆիզիկական և հոգեբանական ճնշման է ենթարկվել նա, որպեսզի ապահովվի գործընթացի «անհրաժեշտ» ընթացքը և Բաքվին ձեռնտու թեզերի համապատասխան քարոզչական առաջմղումը։

ԱՅԴ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆՅԱ ԾՊՏՈՒՆ ԱՆԳԱՄ ՉՏԱՆԵՑ ի պաշտպանություն ՀՀ քաղաքացի Կարեն Ավանեսյանի։ Այդ դժբախտ, որևէ աջակցությունից և ուշադրությունից զուրկ մարդը պարզապես ոչ մեկին պետք չէ, ինչը նշանակում է, որ նրա հետ կարելի է անել այն ամենը, ինչ ցանկանում են։ Պե՞տք է արդյոք նշել, թե ինչ հարմար է թիրախ ու գործիք դարձել Ավանեսյանը Բաքվի դահիճների համար…

Մարդու իրավունքների պաշտպանի աթոռը զբաղեցնող Մանասյան ազգանունով անձնավորությունը աչքն էլ չթարթեց, երբ սեպտեմբերին հայտնվեցին առաջին հաղորդագրությունները նրա մասին։ Հարկադրված պատասխանելով Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների հարցին՝ նա լոկ երեսպաշտորեն հայտարարեց, թե «կատարվում է տեղեկատվության վերլուծություն և քննարկում գործընկերների հետ»: «Քննարկումը», ըստ երևույթին, շարունակվում է առ այսօր, բայց հերթական հայի, այն էլ հաշմանդամի նկատմամբ նախապատրաստվող դատական հաշվեհարդարի մասին լուրն այդ տիկնոջը չդրդեց նույնիսկ ձևական հայտարարություն անել։

Իսկ մեզ, դատելով ըստ ամենայնի, սպասվում է ևս մեկ նողկալի բեմականացված շոու, որի ընթացքում կրկին ծանակելու են, ցեխ շպրտելու և մեղադրելու հայ ժողովրդին, քանզի այն ամենը, ինչ տեղի է ունենում Բաքվում գերիների հանդեպ, անշուշտ, վերաբերում է ոչ թե առանձին անձանց, այլ մեզ բոլորիս։ Ըստ էության, նույնը վաղուց արդեն տեղի է ունենում ոչ միայն Ադրբեջանում, այլև բուն Հայաստանում. թուրքական դրածոների ձեռքով, որոնց միջոցներն ու նպատակները մեկ առ մեկ համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի նպատակների ու միջոցների հետ։