Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել է նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին մահապատժի ենթարկել 2024 թվականի դեկտեմբերին երկրում անօրինական ռազմական դրություն մտցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Yonhap» գործակալությունը։
Յուն Սոկ Յոլի գործով եզրափակիչ նիստը Սեուլի դատարանում սկսվել էր հունվարի 9-ին: Սակայն հարցը այդպես էլ չէր հասել պատժի պահանջին, ուստի հունվարի 13-ին լրացուցիչ նիստ էր նշանակվել հատուկ դատախազ Չո Ին Սոկի` պատժի մասին միջնորդությունը լսելու համար:
Կորեայի Հանրապետության նախկին նախագահի վերաբերյալ դատավճիռը կհրապարակվի փետրվարի սկզբին:
Բացի նախկին նախագահից, մեղադրյալների թվում են նաև պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն-Հյոնը, Ոստիկանության ազգային գործակալության նախկին ղեկավար Չո Ջի-Հոն ու ևս 5 նախկին պաշտոնյա, որոնց մեղադրում են ռազմական դրության պլանավորման և ներդրման գործում առանցքային դերակատարություն ունենալու մեջ:
Հիշեցնենք` 2024 թվականի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն սահմանեց, որը չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը հավանություն տվեց Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու նախագծին։
Sputnik Արմենիա
