Логотип

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կողմնակիցները ակցիա են անում ԵՄ գրասենյակի մոտ

«Իմնեմնիմի» հաղորդաշարի հիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կողմնակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։

Նրանք այստեղ են եկել Սամսոնյանի ու Սաղաթելյանի նկարներով։

«Նրանց կալանավորել են ու կալանքն էլ երկարաձգել են հաղորդման ընթացքում «հետույք» բառն արտասանելու համար։ Պարոն դեսպան, սա արդյոք նորմա՞լ է ժողովրդավարական ուղով ընթացող պետության կամ ԵՄ-ի համար, որը մշտապես բարձրաձայնել է ՀՀ-ում մարդու իրավունքների, խոսքի ազատության հարցը»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը։

Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։

«Դեսպանից պահանջում ենք արձագանքել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կատարվողին։ Ունենք ակնկալիք, որ ՀՀ իշխանությունների հետ կխոսեն, որպեսզի Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը անհապաղ ազատ արձակվեն։ Մասնավորապես այն պայմաններում, երբ արդեն 5-րդ օրն է` Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։ Հացադուլի պատճառով նրան տեղափոխել են պատժախուց, որի մակերեսը 4 քմ է։ Նախորդ նամակին պատասխան եղել էր։ Նշվել էր, որ իրենք չեն կարող միջամտել ՀՀ-ում նախաքննության ընթացքին։ Միևնույն ժամանակ հայտարարել էին, որ իշխանության հետ դիալոգներում բարձրաձայնում են ՀՀ-ում ժողովրդավարության և խոսքի ազատության կարևորության հարցը»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը։

Նրա խոսքով՝ հունվարի 14-ին էլ նրանք գնալու են 6-7 դեսպանատուն (օրինակ՝ Կանադայի, Իտալիայի), ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակ ու նմանատիպ ակցիաներ են իրականացնելու։

Sputnik Արմենիա