Логотип

ՍԻՆԱՆՅԱՆԸ ՍՓՅՈՒՌՔԻՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է «ՆԵՐՔԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ»

Հունվարի 12-ին Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը կազմակերպեց փաշինյանական իշխանության փառաբանման և Եկեղեցու ու Սփյուռքի վրա լկտի վայրահաչի ամենաիսկական բենեֆիս։ Համայն հայության միավորման ուղղությամբ աշխատանքի փոխարեն՝ նա նվիրեց ճառը Սփյուռքի, Հայ Առաքելական Եկեղեցու, ՀՅԴի հասցեին մեղադրանքներին և Ռուսաստանի՝ որպես «թշնամու» վերաբերյալ բավական թափանցիկ ակնարկներին:

Սինանյանը ոգևորությամբ հայտարարեց, թե իր կառույցը «համբերատար բացատրում է» Սփյուռքին «իրական Հայաստանի կոնցեպտը», քանզի, այ քեզ դժբախտություն, Սփյուռքի մեր հայրենակիցները «հեռու են ապրում» և «զգացմունքային ֆոնը իրենց չի թույլատրում ավելի ներքին վերլուծության ենթարկել»: Նրանք, իբր, ՀԱԵն դիտարկում են որպես «պետականության խարիսխ», բայց «չեն կարողանում տարանջատել Եկեղեցին իր վերնախավից»։

ՏԵ՛Ս, Է. ԱՅՍԻՆՔՆ, ԸՍՏ ՍԻՆԱՆՅԱՆԻ, ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ, որոնք տասնամյակներ շարունակ աջակցել են Հայաստանին աղոթքներով, սիրով, լոբբինգով, փողով, հանկարծ վերածվել են մի այդպիսի «զգացմունքային պակասամիտների», որոնց պետք է «վերադաստիարակել»։ Հայտարարելով, թե «ժողովուրդը պետք է ոտքի կանգնի» և «տեղը դնի» Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավին, այսինքն հնչեցնելով Եկեղեցու վրա ճնշում գործադրելու հերթական բացահայտ կոչը, Սինանյանը հայտարարեց, թե իբր՝ «վերջերս շփվել եմ արտասահմանցի մի քահանայի հետ, որն ասաց, որ եկեղեցական խորհուրդը վերահսկվում է Կտրիճ Ներսիսյանի կողմից, պետք է զգույշ գործել»: Զրուցակցի անունը, իհարկե, չնշեց, քարոզչական տիպիկ հնարք. անանուն «վկաներ»՝ սուտը հաստատելու համար:

Դե, մի՞թե տարօրինակ չէ. երբ 2018-ին հեղափոխական էյֆորիայի ալիքի վրա Սփյուռքը սատարում էր Փաշինյանին ու նրա թիմին, «հեղափոխական» ամբիոններից պաթոսով լի ճառեր էին հնչում. «Շնորհակալությո՛ւն, մեր սփյուռքահայ քույրեր և եղբայրներ։ Դուք մեր ո՛ւժն եք»: Ոչ ոք չէր ասում՝ «դուք հեռու եք ապրում և ոչինչ չեք հասկանում»: Հակառակը. «դուք մեր ապագան եք», «դուք Հայաստանի ձայնն եք աշխարհում»։

Այո, իհարկե, 2018-ին «թավշե հեղափոխության» ալիքի վրա, սփյուռքահայ հայրենակիցները «հերոսներ» էին։ Սերժ Թանկյանն էր վանկարկում Փաշինյանի օգտին, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և շատ ուրիշներ: Եվ իշխանության ձգտող փաշինյանական հանցախմբից ոչ ոք չէր համարձակվում անվանել նրանց «մակերեսային» կամ «զգացմունքային պակասամիտ»։ Փաշինյանն իրեն տեսնում էր «ժողովրդական առաջնորդի» դերում, իսկ Սփյուռքին՝ իր երկրպագուների ակումբի։

44-օրյա պատերազմի ժամանակ Սփյուռքը կրկին օգնության նետվեց։ 2020 թվականին 44-օրյա պատերազմի խորապատկերին նախաձեռնված «Մենք ենք, մեր սահմանները. ամեն ինչ Արցախի համար» համահայկական դրամահավաքի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքեց ընդհանուր հաշվարկով մոտ 170 միլիոն ԱՄՆ դոլար, որից 100-110 միլիոն դոլարը՝ արտասահմանյան համայնքներից։ Գումարից բացի, Սփյուռքն ուղարկեց ավելի քան 800 տոննա նյութական օգնություն։ Իսկ հետո հավաքված ամբողջ գումարից հիմնադրամը չգիտես ինչու 52 մլրդ դրամ (մոտ 107 մլն ԱՄՆ դոլար) փոխանցեց ՀՀ կառավարության գանձապետական հաշվեհամարին։ Եվ դա հարցեր առաջացրեց ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ Սփյուռքի շրջանում, քանզի ըստ կանոնադրության՝ Հիմնադրամը պետք է միջոցներ ծախսի կանոնադրական նպատակների համար (ենթակառուցվածքային, սոցիալական, բժշկական նախագծեր), այլ ոչ թե անմիջականորեն ֆինանսավորի պետբյուջեն, հատկապես պատերազմի ժամանակ։ Սկանդալ բարձրացավ։

Եվ ահա, երբ Սփյուռքը սկսեց հարցեր տալ. «Ո՞ւր անհետացան փողերը», «Ինչո՞ւ հանձնեցիք Արցախը», «Ինչո՞ւ դիմադրություն չկա», «Ինչո՞ւ չեք պահանջում գերիների վերադարձը», փաշինյանական իշխանության մոտ «Սփյուռքը մեր պարծանքն է»-ի փոխարեն միացավ «դուք ոչինչ չեք հասկանում» ռեժիմը։ Եվ այսօր Զարեհ Սինանյանն արդեն բարբաջում է, թե «Սփյուռքը հեռու է, ընկալումները մակերեսային են, զգացմունքային ֆոնը թույլ չի տալիս ներքին վերլուծության ենթարկել»: Ըստ էության, դա նշանակում է՝ դուք մեզ փող տվեք, լռեք ու ոչինչ մի հարցրեք։ Իսկ եթե հարցնում եք, ուրեմն մամռակալած Էմիգրանտներ եք, որոնք ոչինչ չեն հասկանում Փաշինյանի «իրական Հայաստանից»։

Սա նույնիսկ բռիություն չէ, այլ նրանց հանդեպ պետական շանտաժ ու նվաստացում, ովքեր լոբբինգավորել են Հայաստանի շահերն արտասահմանում, ներառյալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, օգնել են ինչով կարողացել են, ներառյալ ֆինանսները։

Այսօր Սինանյանը, դիմելով Սփյուռքին, կրկնում է Կաթողիկոսի, հետևաբար նաև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Փաշինյանի թեզերը։ Մինչդեռ Սփյուռքի համար Հայ Առաքելական Եկեղեցին ազգային ինքնության անսասան հենասյունն է աշխարհում, որտեղ հայությունը տարրալուծվում է: Սինանյանը Սփյուռքին մեղադրում է «իրական Հայաստանը չըմբռնելու» մեջ։ Իրական Հայաստանը նրա համար Փաշինյանի Հայաստանն է. առանց Արցախի, Բաքվի պայմաններով «խաղաղությամբ», պետության վերահսկողության տակ գտնվող «իրական» եկեղեցիով։

Իսկ Սփյուռքը դրա մեջ տեսնում է կապիտուլյացիա և դավաճանություն ու արձագանքում համապատասխանաբար. արտասահմանում իշխանության պաշտոնական «միջոցառումների» բոյկոտով, Սինանյանի ու իր կառույցի հրապարակային բոյկոտով, նա արդեն persona non grata է հայկական բազմաթիվ համայնքներում։ Հասկանալի է, որ Սփյուռքը, այն է՝ մեր միլիոնավոր հայրենակիցները ողջ աշխարհում, բազմաշերտ է և տարբեր ։ Բայց նա ո՛չ կույր է, ո՛չ խուլ։ Հույս չփայփայեք, պրն Սինանյան։