Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒՀ) լույս է ընծայել «Արցախ. վտանգված ժառանգություն» պատկերագրքի 2-րդ հատորը։ Այս կարևոր աշխատության շնորհանդեսը, որին ներկա էին Հայաստանի և Արցախի քաղաքական, գիտության, մշակույթի գործիչներ, տեղի ունեցավ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դահլիճում։
Պատկերագիրքը կազմել է ՀՃՈՒՀ համատնօրեն, Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի (The Armenian Cultural Heritage Institute) գիտական խորհրդի անդամ, պատմամշակութային հուշարձանների հետազոտող Րաֆֆի Քորթոշյանը։ Այն հրատարակված է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Հայաստանի ու Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շնորհիվ։ Նախագիծը հովանավորեցին «Համազգային»-ի կենտրոնական վարչությունը և սփյուռքահայ բարերար պրն. Հարութ Բրոնոզյանը (Յարութ Պրոնոզեան)։
ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԸ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ 2023 թ․, ՍԱԿԱՅՆ ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻ հետ կապված աշխատանքը սկսվել էր ավելի վաղ՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մեծ մասն, այդ թվում հայկական պատմամշակութային ժառանգությունը, հայտնվեցին Ադրբեջանի ԶՈՒ հսկողության տակ։
«Անհերքելի են այն բոլոր փաստերը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ՝ Ադրբեջանի կողմից մղված բոլոր պատերազմները նաև մոլեգին պայքար էին նրա մշակույթի դեմ ու հաճախ ուղեկցվում էին մշակութային ցեղասպանությամբ։ Բազմաթիվ են նաև փաստերը, որ 1991 թվականից սկսած ադրբեջանական կողմը, նվաճելով պատմականորեն հայկական տարածքներն ու բռնի տեղահանելով հայ բնակչությանն, իր հաջորդ քայլով սկսում էր հուշարձանների ավիրումն, աղավաղումը և յուրացումը։ Մեր կազմակերպությունն ի դեմս իր հիմնադիրներ Արմեն Հախնազարյանի և Սամվել Կարապետյանի ստեղծեցին բազմաթիվ հրատարակություններ, որոնք փաստում ու վավերագրում են Ադրբեջանի վայրագությունները հայազուրկ տարածքներում։ Նրանց բոլոր աշխատանքները հետապնդում էին մեկ նպատակ՝ ցույց տալ Ադրբեջանի ցեղասպանական քայլերը և այդպիսով փորձել պաշտպանել Արցախի ժառանգությունը, – ներկայացրեց նախագծի նախապատմությունը Րաֆֆի Քորթոշյանը։ – Ցավոք, 44-օրյա պատերազմից հետո մենք բախվեցինք ծանոթ իրավիճակի, և մեր ավագ գործընկերների փորձից ելնելով կանխատեսեցինք, որ մշակութային ցեղասպանությունը կշարունակվի Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի ողջ տարածքում։ Մենք անմիջապես սկսեցինք հրատարակել ժառանգությանը վերաբերող գրքեր՝ հիմնվելով առկա նյութերի վրա ու փորձելով միջազգային լայն հանրությանը ցույց տալ իրականությունը և ներկայացնել մեր հիմնավորված մտահոգությունները»։
Այդպիսի նախագծերից մեկը «Արցախ. վտանգված ժառանգություն» առաջին պատկերագիրքն էր, որը նույնպես հրատարակվել էր «Համազգային»-ի Հայաստանի և Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ: Րաֆֆի Քորթոշյանի խոսքով, այդ հրատարակությունը ներառում էր Արցախի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում օկուպացված հատվածի հուշարձանները: Գիրքը պատրաստ էր հրատարակության, երբ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծվեց նոր պատերազմ, որի ընթացքում Արցախը ամբողջովին հայաթափվեց։ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը նշանակում էր, որ արցախահայության մնացած ժառանգությունը նույնպես վտանգի տակ էր: Պարզ դարձավ, որ առաջին գրքի հրատարակումից անմիջապես հետո պետք է սկսվեն երկրորդ գրքի աշխատանքները:
Առաջին հատորը բաղկացած է 140 էջից և մի քանի բաժնից, պարունակում է 1991-2020 թթ․ հավաքած հուշարձանների մասին տեղեկություններ: Առաջին բաժնում ներկայացված է պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի կողմից գրված Արցախի համառոտ, բայց բովանդակալից պատմությունը։ Երկրորդ բաժինը, որը գրել է Րաֆֆի Քորթոշյանը, նվիրված է Արցախի քրիստոնեական հուշարձաններին, որոնք 44-օրյա պատերազմից հետո անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Երրորդում առկա են մոտ 250 հուշարձանների լուսանկարներ։ Պատկերագիրքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և պարունակում է հարուստ տվյալների բազա, որոնք վերաբերում են ինչպես Արցախի պատմությանն, այնպես էլ նրա հարուստ ժառանգությանը: Այն նաև ներառում է QR կոդեր, որոնց միջոցով հնարավոր է դառնում դիտել Արցախի պատմամշակութային հուշարձանների մասին ֆիլմը, ադրբեջանցիների՝ հայոց կոթողների նկատմամբ վայրագությունները փաստող տեսանյութերը, որոնք հենց նրանք են տեղադրում համացանցում։
«ԱՐՑԱԽ․ ՎՏԱՆԳՎԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է այն հուշարձանները, որոնք վտանգի տակ են հայտնվել Արցախն ամբողջական հայաթափելուց հետո։ Գրքի կառուցվածքը նույնն է, ինչ առաջին հատորինը։ Այն բաղկացած է ավելի քան 170 էջից, ևս եռալեզու է և պարունակում է մանրամասն տեղեկություններ հուշարձանների և նրանց տարածքում գտնվող այլ ժառանգության՝ խաչքարերի, տապանաքարերի և այլնի մասին: Նախաբանի հեղինակն է «Համազգային» Հայկական մշակութային և կրթական միության կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը: Ինչպես նշեց Րաֆֆի Քորթոշյանն, այս աշխատությունը կարևոր է որպես ապացույցների բազա՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ:
«Մենք ձգտում ենք միջազգային հանրությանը ցույց տալ, որ Ադրբեջանը ոչ միայն օկուպացնում է հայկական բնիկ տարածքներն, այլև ոչնչացնում է մեր ժողովրդի ժառանգությունը, որը համաշխարհային մշակույթի մաս է կազմում, – շարունակեց Րաֆֆի Քոթտոշյանը: – Ցավով պետք է նշեմ, որ երկրորդ հատորը պարունակում է առաջին հատորից հուշարձաններ, որոնք երկու տարի առաջ վտանգված էին, իսկ այսօր արդեն ոչնչացված են: Մենք այդ հուշարձանները ներկայացնում ենք երկրորդ հատորի սկզբում: Բնականաբար, երկու գրքերում տեղ չեն գտել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության բոլոր հուշարձաններն, այլ ներկայացված է միայն նրանց ծաղկաքաղը: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինեինք հրատարակել առնվազն մեկ տասնյակ հատոր»:
Պատկերագրքում ներառված լուսանկարներից շատերը նկարվել են Սամվել Կարապետյանի կողմից։ Կազմողներն օգտագործել են նաև ՀՃՈՒՀ-ի այլ աշխատակիցների, ինչպես նաև արցախցիների արված որակյալ լուսանկարները։ Երկու հատորների ստեղծմանը զգալի ներդրում են ունեցել թարգմանիչները, դիզայներներն ու այլ մասնագետները։ Այս առումով, նախագիծը տարբեր ոլորտների և սերունդների ներկայացուցիչների՝ տարբեր տարիների համատեղ աշխատանք է, որոնք ժամանակ և ջանք չեն խնայել իրենց լուման ունենալու Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում։
«Այս գրքերը պետք է դառնան զենք մեր ձեռքերում ի պաշտպան և պահպանություն Արցախի հարուստ ժառանգությանը։ Դրանք կարևորագույն նյութ են, որը մենք կարող ենք ներկայացնել քաղաքակիրդ մարդկությանն ու քաղաքական գործիչներին, որոնք մտահոգված են Արցախի համամարդկային կարևորություն ունեցող հուշարձանների ապագայով, – համոզված է Րաֆֆի Քորթոշյանը։ – Մեկ բան պարզ է. եթե այսօրվա իրողությունը, որում գտնվում է Արցախի ժողովուրդը, տարիներ շարունակվի, պատմական Հայաստանի այս հատվածի հուշարձանները կարժանանան նույն ճակատագրին, ինչ Արևմտյան Հայաստանի վանքերը, եկեղեցիներն, ամրոցները, խաչքարերը, տապանաքարերն ու մեր մշակույթի այլ գոհարները»։
