Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում և աշխարհում անվտանգության արդարացի ճարտարապետության կառուցման վերաբերյալ ռուսական առաջարկների քննարկմանը վերադառնալը կօգնի կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում ընդունելով 34 նորանշանակ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հանդես է եկել եվրոպական և գլոբալ անվտանգության նոր, հուսալի և արդարացի ճարտարապետության կառուցման նախաձեռնություններով՝ առաջարկելով տարբերակներ և ռացիոնալ լուծումներ, որոնք կարող էին ձեռնտու լինել բոլորին Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, ընդհանրապես՝ ամբողջ աշխարհում:
«Կարծում ենք, որ արժեր վերադառնալ մեր առաջարկների առարկայական քննարկմանը, որպեսզի դրանց հիման վրա ամրագրվեն Ուկրաինայի հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորելու պայմանները։ Մեր երկիրը ձգտում է երկարաժամկետ և կայուն խաղաղության, որը հուսալիորեն կապահովի բոլորի անվտանգությունը։ Թեև ոչ բոլորն են պատրաստ դրան, այդ թվում՝ Կիևում և նրան աջակցող մայրաքաղաքներում, բայց մենք հուսով ենք, որ այդ անհրաժեշտության գիտակցումը վաղ թե ուշ կգա։ Իսկ քանի դեռ դա չկա, Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն հասնել իր առջև դրված նպատակներին», – ասել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ միջազգային ասպարեզում իրավիճակը գնալով վատթարանում է, աշխարհի տասնյակ երկրներ այժմ տառապում են քաոսից և անօրինականությունից, չունեն իրենց անվտանգությունն ապահովող ռեսուրսներ:
«Դիվանագիտությունը, փոխհամաձայնության և փոխզիջումային հանգուցալուծումների որոնումը գնալով փոխարինվում են միակողմանի, ընդ որում՝ վտանգավոր գործողություններով։ Եվ պետությունների միջև երկխոսության փոխարեն հնչում է նրանց մենախոսությունը, ովքեր ուժեղի իրավունքով ընդունելի են համարում իրենց կամքը թելադրելը, ուրիշներին ապրել սովորեցնելը և հրամաններ տալը», – ասել է ՌԴ նախագահը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ բաց է բոլոր միջազգային գործընկերների հետ հավասար և փոխշահավետ հարաբերություններ կառուցելու համար՝ հանուն համընդհանուր բարգավաճման, բարեկեցության և զարգացման:
Sputnik Արմենիա
