Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ են գործադրում, սպառնում նրանց՝ թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին միանալու համար (կաթողիկոսը նրան պաշտոնանկ է արել, դատարանը պաշտոնում վերականգնելու համար միջանկյալ միջոց է կիրառել-խմբ․)։ Այս մասին հայտարարություն է տարածվել Մասյացոտնի թեմը ֆեյսբուքյան պաշտոնական էջում (ներկայում 2 էջեր կան, որոնցից մեկը վարում են կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակված Ռուբեն վարդապետ Զարգարյանի կողմնակիցները, մյուսը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի- խմբ․)։
«Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ ահազանգի՝ որոշ դեպքերում քահանաներից պահանջել են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։
Հորդորներին, առաջարկներին և ճնշումներին քահանաները չեն ենթարկվել։
«Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և իրենք կոչված են անշեղորեն պահպանելու եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից»,- շեշտում են թեմից։
Ըստ հաղորդագրության՝ ամենախիստ և սպառնալից խոսքերը հիմնականում արվել են Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին։
Sputnik Արմենիա
