Логотип

Իսպանիայում երկաթուղային աղետի կապակցությամբ եռօրյա սուգ Է հայտարարվել

Իսպանիայում երեքշաբթի օրը եռօրյա սուգ է հայտարարվել։ Փրկարարները շարունակում են քանդել գնացքի ջախջախված վագոնների կմախքներն ու ցրված բեկորները, որպեսզի կարողանան գտնել գնացքների բախման զոհերին։ Բախման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ և կան տասնյակ վիրավորներ, գրում է The Guardian-ը:

Երկուշաբթի օրը դեպի Մադրիդ ընթացող և շուրջ 300 ուղևոր փոխադրող արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից և բախվել հանդիպակաց գնացքին, մարդիկ ողջ երկրում փորձում են կապ հաստատել իրենց անհայտ կորած հարազատների հետ, ովքեր տուժել են վերջին տասնամյակում Իսպանիայի խոշորագույն երկաթուղային վթարի հետևանքով:

Ոստիկանությունը հայտնել է, որ բացվել են մի քանի գրասենյակներ, որտեղ մարդիկ կարող են դիմումներ ներկայացնել և ԴՆԹ-ի նմուշներ տրամադրել նույնականացման համար: Դեպքի վայր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է, որ աղետի պատճառների հետաքննությունը կլինի լիարժեք և թափանցիկ:

Բախումը տեղի է ունեցել կիրակի երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, երբ դեպի Մադրիդ ընթացող գնացքի վերջնամասը դուրս է եկել ռելսերից և հայտնվել հանդիպակաց գնացքի ճանապարհին:

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի խոսքով՝ բախման հետևանքով դեպի հարավ ընթացող գնացքի առաջին երկու վագոնները դուրս են եկել ռելսերից և այն գլորվել է 4 մետր բարձրություն ունեցող լանջից:

Թեև վթարի պատճառը դեռևս պարզ չէ, այնուամենայնիվ Պուենտեն «իրոք տարօրինակ» է անվանել այն փաստը, որ ռելսերից դուրս գալը տեղի է ունեցել ճանապարհի ուղիղ հատվածում: Նա հավելել է, որ հենց այդ հատվածն է վերանորոգվել մայիսին:

Ռելսերից դուրս եկած գնացքը շահագործվել է չորս տարուց պակաս ժամկետով և զննվել է դեպքից չորս օր առաջ. ասված է գնացքը շահագործող Iryo մասնավոր ընկերության երկուշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ:

Պետական երկաթուղային Renfe ընկերության նախագահ Ալվարո Ֆերնանդես Էրեդիան հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել վթարի պատճառի մասին։ Սակայն նա նշել է, որ աղետը տեղի է ունեցել «տարօրինակ հանգամանքներում»՝ Cadena Ser հեռուստաընկերությանը հայտնելով, որ «մարդկային գործոնն ի սպառ բացառվում է»։

Reuters գործակալությանը հասած տեղեկության համաձայն՝ տեխնիկական մասնագետները ռելսերի վրա վնասված կցվանք են հայտնաբերել, որն, ըստ նրանց, հանգեցրել է ռելսերի հատվածների միջև բացվածքի առաջացմանը, ինչն էլ մեծացել է գնացքների շարժվելուն զուգընթաց։ Աղբյուրը հավելել է, որ անսարք վիճակում գտնվող կցվածքը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ վթարի ստույգ պատճառը պարզելու համար։

News.am