Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ հոգեշնորհ տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն ազատվել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Թեմի առաջնորդի պաշտոնում նշանակվել է գերաշնորհ տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը՝ ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից։
Վեհափառ հայրապետի մեկ այլ որոշմամբ՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ հոգեշնորհ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:
Հիշեցնենք` հունվարի 6-ին հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացել է Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին։
Օրեր անց շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը կարծիք էր հայտնել, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի ընդվզումը ոչ թե վարդապետական կամ հովվական հիմքեր ունի, այլ անձնական անհանդուրժողականություն է։
Նա նշել էր, որ երկու շաբաթ անց Շվեյցարիայի թեմում իր առաքելությունն է ստանձնելու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից գործուղված նոր եպիսկոպոսը։ Նրա խոսքով` Շվեյցարիայի հայ համայնքը հավատարիմ է Հայ առաքելական եկեղեցուն, Ամենայն հայոց կաթողիկոսին և նորանշանակ եպիսկոպոսին։
Sputnik Արմենիա
